
Եվրոպայում սկսված շոգի նոր ալիքն այս տարի վերջինը չի լինելու. կլիման արդեն փոխվում է, ու ամեն ինչ ավելի է վատանալու։ Այս մասին «DW Новости Шоу»-ի եթերում նշել է գիտական լրագրող և մոլեկուլային կենսաբան Իրինա Յակուտենկոն։
Նրա խոսքով՝ անհնար է կանխատեսել, թե կոնկրետ երբ կլինի հաջորդ ալիքը, սակայն ընդհանուր կլիմայական պատկերը փաստում է, որ ռեկորդային բարձր ջերմաստիճանները պարբերաբար կրկնվելու են։
«Ստիպված ենք լինելու փոխել ենթակառուցվածքները, հատկապես՝ քաղաքներում։ Կարող ենք նաև չփոխել, բայց այդ դեպքում միայն ուժեղներն ու առողջները կփրկվեն, իսկ մնացածը՝ ոչ։ Շոգը վնասակար է բոլորին. նույնիսկ երիտասարդներն են վատ քնում, սիրտն աշխատում է գերծանրաբեռնված՝ թե՛ օրը, թե՛ գիշերը։ Պարզապես նրանց պարագայում հետևանքներն ավելի ուշ կզգացվեն, քանի որ դեռ օրգանիզմի տոկունության պաշար ունեն»,- նշում է փորձագետը։
Յակուտենկոն ընդգծում է, որ կլիման փոխվում է հենց հիմա, և աշխարհն արդեն ուշացել է դա կանխելու հարցում։ Նույնիսկ եթե բոլոր երկրներն այս պահին կտրուկ կրճատեն CO2-ի (ածխաթթու գազի) արտանետումները, հետևանքները դեռ տարիներ շարունակ զգացվելու են։
«Սակայն ոչ ոք չի պատրաստվում արտանետումները կրճատել հենց այսօր, հատկապես եթե հաշվի առնենք պատերազմներն ու արհեստական բանականությունը, որի աշխատանքը հսկայական էներգիա է պահանջում։ Հետո ամեն ինչ ավելի վատ է լինելու։ Բայց փորձերից հրաժարվելը սխալ է։ Ճիշտը խնդիրն ընդունելն ու այնպես անելն է, որ զոհերն ավելի քիչ լինեն»,- ասում է Յակուտենկոն։

