Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/7/2026
share

Փարիզի մոտակայքում 2000 հեկտար անտառի հրկիզման մեջ կասկածվում է կամավոր հրշեջը

Փարիզից 60 կմ դեպի հարավ գտնվող Ֆոնտենբլոյի անտառում արդեն չորրորդ օրն է՝ չի հաջողվում տեղայնացնել խոշոր հրդեհը։ Ինչպես հայտնել է դատախազ Դիանա Նգոմսիկը, կամավոր հրշեջը, որն ի սկզբանե ներկայացել էր օգնելու կրակի դեմ պայքարում, խոստովանել է, որ բենզինով ու կրակայրիչով դիտավորյալ այրել է չոր ճյուղերը։

Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը ձերբակալել է վեց կասկածյալի։ Ավելի վաղ նրանցից մեկը խոստովանել էր, որ անտառում հրդեհի պատճառ է դարձել իր նետած չմարված ծխախոտի մնացորդը։

Հուլիսի 12-ից մոլեգնող հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 2000 հեկտար անտառածածկ տարածք։ Վտանգավոր գոտուց տարհանվել է շուրջ 1000 մարդ։ Ֆոնտենբլոն փարիզցիների ամենասիրելի հանգստյան վայրերից է, սակայն շատերը հաճախ արհամարհում են վրաններ խփելու և կրակ վառելու արգելքները։ Հրշեջները տեղում հայտնաբերել են բռնկման երկու խոշոր օջախ, ինչից հետո հրկիզումը դարձել է առաջնային վարկած։

Կրակի արագ տարածմանը նպաստում է Ֆրանսիայում սկսված անոմալ շոգի նոր ալիքը։ Երկրի 101 դեպարտամենտներից 42-ում այս պահին հայտարարված է երաշտի ամենաբարձր վտանգավորության մակարդակը․ DW

facebook sharing button facebook