
Չիկագոյում բնակվող, Ռուսաստանում ծնված մասնավոր ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամի նախագահ։ Ավելի քան 200 մլն դոլար բյուջե ունեցող հիմնադրամը նախատեսված է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տրանսպորտային, էներգետիկ և ռազմավարական հանքանյութերի ոլորտներում ներդրումներ իրականացնելու համար, այդ թվում՝ Հայաստանում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հրատարակության փոխանցմամբ՝ Սոկոլովը նախկինում եղել է Դոնալդ Թրամփի Սպիտակ տան նոր պարահանդեսային սրահի կառուցման նախագծի խոշոր նվիրատուներից մեկը։ Բացի այդ, նախընտրական ֆինանսավորման փաստաթղթերի համաձայն, նա Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում ավելի քան 12 մլն դոլար է փոխանցել Հանրապետական կուսակցությանը և Թրամփի քաղաքական հիմնադրամներին, այդ թվում՝ 11 մլն դոլար՝ MAGA Inc. կազմակերպությանը։ Նրա նշանակումն արդեն քննադատության տեղիք է տվել՝ քաղաքական հովանավորչության և շահերի բախման հնարավոր ռիսկերի պատճառով։

