Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/7/2026
share

Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում անտառային հրդեհներ են մոլեգնում. հրշեջ ծառայությունների ղեկավարներն ահազանգում են ծայրահեղ ծանր աշխատանքային ծանրաբեռնվածության մասին

Կիրակի օրը Կոնուի գավառում՝ Կոնուի լեռան և Սիչնանտ կիրճի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Հրշեջ-փրկարարական ծառայությունները հայտնվել են «ծայրահեղ ծանր ճնշման» տակ՝ տևական շոգ ալիքի պատճառով, ահազանգում է Հրշեջների ազգային ասոցիացիայի (NFCC) նախագահը։

Ֆիլ Գարիգանը BBC Breakfast հաղորդման ժամանակ նշել է, որ չոր եղանակը մեծացնում է անվերահսկելի հրդեհների տարածման ռիսկը. «Որևէ մեղմացում չկա... Առաջիկայում անձրևներ չեն կանխատեսվում, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը»։

Նա հավելել է, որ երկրի տարածքում այս պահին շարունակում է ակտիվ մնալ շուրջ 19 հրդեհի օջախ։

Կիրակի օրը Հյուսիսային Ուելսի Կոնուի գավառում և Դերբիշիրի Գլոսոփ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն. հրշեջները երեքշաբթի օրը դեռ շարունակում էին պայքարել կրակի դեմ։

Ուիքենդի ընթացքում անտառային հրդեհները պատուհասել են նաև Հեմփշիրին, Դարհեմին, Արևմտյան և Արևելյան Սասեքսին, Դևոնին և Սոմերսեթին։

Ուելսում՝ Կոնուի անտառային հրդեհի պատճառով հայտարարված արտակարգ դրությունն արդեն հսկողության տակ է վերցվել, հայտնել է Հյուսիսային Ուելսի հրշեջ-փրկարարական ծառայության փոխղեկավար Ջասթին Էվանսը։

Այնուամենայնիվ, հրշեջները դեռ շարունակում են պայքարել մի քանի ակտիվ հրդեհների դեմ, այդ թվում՝ Բեթեսդայի մոտակայքում գտնվող Բրայխմելինի անտառներում և Հարլեխի մոտ գտնվող Ռինոգիդ լեռնաշղթայում։

Մեծ Բրիտանիայում շարունակվող աննախադեպ շոգերի ֆոնին՝ առնվազն մեկ շաբաթ զգալի տեղումներ չեն սպասվում:

Ֆերմեր Գարեթ Ուայն Ջոնսը, ում հողատարածքները սահմանակից են Կոնուի լեռանը, նշել է, որ երբևէ նման չափերի հասնող հրդեհ չէր տեսել։

«Դա անհավատալի էր»,- ասել է նա՝ հավելելով, որ թեև լեռան վրա արածող պոնիները կարողացել են փախչել, ինքը անհանգստացել է հարևանի խոզերի համար, քանի որ կրակը արագ տարածվել էր շրջակա տարածքներում։ «Ամենամեծ վախն այն էր, որ նրանք կխեղդվեին ծխից, բայց ծուխն անցավ նրանց վրայով»,- ասել է նա՝ հաստատելով, որ կենդանիները ողջ են մնացել։

Երկուշաբթի օրը Դերբիշիրի Չեսթերֆիլդ քաղաքի մոտակայքում գտնվող Փալթերտոնի ֆերմերային դաշտում անտառային հրդեհ է բռնկվել։

Մեկ այլ վայրում հրշեջները շարունակում են աշխատել Փիք Դիսթրիքթ ազգային պարկի տորֆային տարածքներում բռնկված երկու խոշոր հրդեհների վայրերում, որոնցից մեկը Թինթուիսլում է, մյուսը՝ Սադլուորթում գտնվող Դով Սթոուն ջրամբարի մոտակայքում։

Մեծ Մանչեսթերի հրշեջ-փրկարարական ծառայության ավագ պաշտոնյա Բեն Լևին հայտնել է, որ շուրջ 30-40 հրշեջներ շարունակում են պայքարել կրակի դեմ մի քանի ուղղություններով։

Լևին զգուշացրել է, որ հրշեջ խմբերին սպասվում է «չափազանց բարդ և հոգնեցուցիչ օր», քանի որ բարձր ջերմաստիճանը, ուժեղ քամին և չոր պայմանները շարունակում են սնել հրդեհը։ Նա հորդորել է մարդկանց առավել զգույշ լինել բնության գրկում՝ նոր հրդեհների բռնկման ռիսկը նվազեցնելու համար։

20-ամյա Շանիա Քեյր-Սլեյդը ձերբակալվել է շաբաթվա սկզբին՝ Դովսթոունի հրդեհի հետ կապված դիտավորյալ հրկիզման կասկածանքով։ Երեքշաբթի օրը Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել կանխամտածված հրկիզման, կյանքին վտանգ սպառնացող անզգուշության և վտանգավոր վարելու համար։

Դորսեթում հրշեջները ողջ գիշերն անցկացրել են տորֆաճահճային տարածքում բռնկված հրդեհի վայրում։

Երկուշաբթի օրը, տեղական ժամանակով մոտ 17:00-ին, ծուխ է նկատվել Ագլսթոունում՝ Սթադլենդի մոտակայքում։ Յոթ կայանների հրշեջ խմբերը պայքարել են կրակի դեմ մինչև ժամը 20:00-ն։ Սպասվում է, որ հերթափոխային խմբերը տեղում կմնան ողջ երեքշաբթի օրվա ընթացքում։

«Natural England» կազմակերպությունը նախազգուշացնում է, որ առաջիկա օրերին Անգլիայի և Ուելսի մեծ մասում հրդեհների առաջացման ռիսկը կլինի «շատ բարձր» կամ «բացառիկ»։

Չոր եղանակն ինքնին անտառային հրդեհների պատճառ չի դառնում. անհրաժեշտ է նաև բռնկման աղբյուր, օրինակ՝ խորովածի կայծը կամ գետնին նետված ծխախոտի մնացորդը։ Այնուամենայնիվ, չոր պայմանները խոնավազրկում են բուսականությունը՝ այն դարձնելով ավելի հեշտ բռնկվող, ինչն էլ հեշտացնում է հրդեհների տարածումը։

Պայմանները, որոնց բախվում է Մեծ Բրիտանիան այս ամառ, լիովին համընկնում են կլիմայագետների նախազգուշացումների հետ, ըստ որոնց՝ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը կհանգեցնի ավելի հաճախակի ու ինտենսիվ շոգերի, ինչպես նաև հնարավոր ամառային երաշտների․ BBC

facebook sharing button facebook