
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ կիրականացնի «ամբողջական ծովային շրջափակում», որի շրջանակում Հորմուզի նեղուցը բաց կմնա բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ առնչվող նավերի։
Truth Social սոցիալական հարթակում կատարած գրառմամբ Թրամփը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերի գործողությունների շնորհիվ նավթի մատակարարումները շարունակվում են «աննախադեպ մակարդակով»։
Նրա խոսքով՝ շրջափակումը կվերաբերի միայն այն նավերին, որոնք ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս են գալիս այնտեղից, ինչպես նաև իրանական բեռ տեղափոխող նավերին։
Թրամփը նաև հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ բանակցություններից հետո հրաժարվել է ԱՄՆ-ին 20% փոխհատուցում վճարելու իր նախկին առաջարկից։
«Որոշել եմ ԱՄՆ-ի համար նախատեսված 20% փոխհատուցման վճարը փոխարինել Պարսից ծոցի երկրների հետ առևտրային և ներդրումային համաձայնագրերով»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ծոցի երկրները նախատեսում են «հսկայական ներդրումներ» կատարել ԱՄՆ տնտեսության մեջ, ինչը կհանգեցնի նոր գործարանների ու արտադրական հզորությունների ստեղծման և միլիոնավոր բարձր վարձատրվող աշխատատեղերի բացմանը։
--
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էին սկսել Իրանի դեմ։ Դրան ի պատասխան Իրանը ևս հարվածներ էր հասցնում Իսրայելին ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանը հրադադարի համաձայնության էր հասել Միացյալ Նահանգների հետ: Սկսվել էին ակտիվ բանակցություններ։
Սակայն հունիսի 10-ին Իրանում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել:

