
Հուլիսի 10-ին, Հայաստանից մեդիա ոլորտի մասնագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, հաղորդակցության մասնագետներ և լրագրողներ մասնակցեցին Երևանում կայացած «Ընտրություններից հետո․ մեդիայի և քաղաքացիական հասարակության դիմակայունության օրակարգը» քննարկմանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախագահ Սեդա Մուրադյանը և Գերմանական «Մարշալ» հիմնադրամ (ԱՄՆ) Սևծովյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Իրինա Նեագուն։
«Հունիսի 7-ի ընտրություններն անցյալում են, սակայն, բոլորս քաջ գիտակցում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանրապես ժողովրդավարության նկատմամբ վստահությունը նվազեցնելու շուրջ տեղեկատվական հարձակումները չեն ավարտվում ընտրությունների ամփոփմամբ»,- ողջույնի խոսքում նշեց Սեդա Մուրադյանը։
Նա նշեց, որ հիբրիդային սպառնալիքներն ու արտաքին ուժերի կողմից միջամտությունները այլևս էկոհամակարգ են, և մենք պետք է սովորենք դրան դիմակայելով ապրել։
«Խոցելի ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք, որպես քաղհասարակություն ու մեդիա համայնք, պետք է համակարգված և միասնական աշխատենք։ Ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական փուլերում մենք դիտարկում ենք ժողովրդավարության անպատասխանատու արժեզրկում՝ ոչ միայն դրսի ուժերի, այլ, ինչն էլ ավելի անհանգստացնող է, ժողովրդավարության պատասխանատվությունը ստանձնած ուժերի կողմից»,- հավելեց տիկին Մուրադյանը։
Իրինա Նեագուն ողջունեց միջոցառումը և բարձր գնահատեց մեդիա կազմակերպությունների և քաղհասարակության դերը հասարակական դիմակայունության սահմանման ճանապարհին։
«Թվում է, թե հետընտրական շրջանները պետք է լինեն շունչ քաշելու ժամանակներ, սակայն հենց այս ընթացքում մենք պետք է ինտենսիվորեն զբաղվենք դիմակայունության կերտման գործընթացով»,- ասաց տիկին Նեագուն։
Միջոցառման երկու պանելային քննարկումներում անդրադարձ եղավ քաղաքացիական հասարակության և մեդիայի դիմակայունության խնդիրներին Հայաստանում։ Քննարկման առանցքում հետընտրական Հայաստանն էր։
Քաղաքացիական հասարակության հետընտրական օրակարգն ու առաջնահերթությունները
«Քաղված դասեր և քաղաքացիական հասարակության դիմակայունության օրակարգը Հայաստանում» պանելային քննարկմանը, Հայաստանի և Մոլդովայի փորձի համադրմամբ, անդրադարձ կատարվեց ընտրական գործընթացների, ապատեղեկատվության, հասարակական վստահության և քաղաքացիական մասնակցության խնդիրներին։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ–Մոլդովա»-ի գործադիր տնօրեն Լիլիա Զահարիան նշեց, որ, չնայած Հայաստանի և Մոլդովայի տարբերություններին, երկու երկրներն էլ բախվել են քարոզչության և ապատեղեկատվության միջոցով լրագրողների, պետական ինստիտուտների և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի։
Նրա խոսքով՝ Մոլդովայում հանրության լայն շրջանակների վրա ազդեցություն գործելու համար ակտիվորեն կիրառվել են սոցիալական ցանցերը, ինֆլյուենսերների հարթակներն ու տարբեր մանիպուլյատիվ նարատիվներ։
Հայաստանի հոգեբանների գիտական ասոցիացիայի խորհրդի նախագահ Դավիթ Ամիրյանն ընդգծեց քաղաքացիական հասարակության էության և գործառույթների վերաիմաստավորման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը չի կարող սահմանափակվել միայն ՀԿ-ներով․ այն պետք է արժեքների հիման վրա ձևավորի սոցիալական կապիտալ և իրական հասարակական կապեր։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ընտրությունները բնութագրեց որպես «վախի ընտրություններ»՝ անդրադառնալով նաև մարդու իրավունքների խախտումների և անհամաչափ ուժի կիրառման դեպքերին։ Նա նշեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը խիստ հատվածավորված է, իսկ սոցիալական շարժումների և հանրային համախմբման թուլացումը սահմանափակում է հասարակության ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների վրա։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նկատեց, որ նախկինում կուտակված գիտելիքներն ու գործիքներն այլևս բավարար չեն արագ փոփոխվող ընտրական գործընթացների արդյունավետ վերահսկման համար։
«Քաղաքացիական հասարակությունը պետք է բազմապատկի իր ջանքերը, աշխատի քաղաքացիների հետ և ավելի ամուր համագործակցի մեդիայի հետ։ Այդ համագործակցությունն է, որ կարող է վերականգնել ու ամրապնդել քաղաքացիների հետ կապը»,- նշեց նա։
Երևանի արտաքին և անվտանգության քաղաքականության կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանն ընդգծեց, որ ընտրապայքարին մասնակցող ուժերի մեծ մասը չուներ ժողովրդավարական բարեփոխումների հստակ օրակարգ։ Նրա գնահատմամբ՝ քաղաքացիական հասարակությունը նույնպես զգալիորեն կորցրել է սեփական օրակարգ ձևավորելու կարողությունը և հաճախ սահմանափակվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական օրակարգերին արձագանքելով։
Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ քաղաքացիական հասարակությունը պետք է վերականգնի նախաձեռնողականությունը, ձևակերպի առաջնահերթ բարեփոխումների սեփական օրակարգ և մշակի այն թափանցիկ ու հաշվետու կերպով առաջ տանելու ռազմավարություն։
Անկախ մեդիան՝ ժողովրդավարության պաշտպանական վահան
«Քաղված դասեր և մեդիայի դիմակայունության օրակարգը Հայաստանում» պանելային քննարկման ընթացքում մասնակիցները խոսեցին մեդիայի բևեռացման, քաղաքական ազդեցությունների, տեղեկատվական մանիպուլյացիաների և անկախ լրագրության պաշտպանության մասին։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը երբեք չի տրվում պատրաստի ձևով, և հասարակությունն ու քաղաքացիական կառույցները պետք է մշտապես պայքարեն դրա համար։
Նրա խոսքով՝ ընտրությունների ընթացքում փաստերի ստուգման հարթակներն ու հետաքննող լրագրողները կարևոր դեր են ունեցել հիբրիդային սպառնալիքների բացահայտման և զսպման հարցում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի մեդիա դաշտի առանցքային խնդիրներ են շարունակում մնալ ծայրահեղ բևեռացումը և քաղաքական շահերի սպասարկումը։
«Սիվիլնեթ»-ի լրագրող Անի Գրիգորյանն անդրադարձավ վերջին տարիներին Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավների ծավալին՝ նշելով, որ հանրությունը հաճախ չի ընկալում «հիբրիդային պատերազմ» հասկացության իրական նշանակությունն ու վտանգները։
Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում զգալի միջոցներ են ծախսվել թվային և քաղաքական գովազդի վրա, ինչն անկախ մեդիա կազմակերպություններին դրդել է իրականացնել իրազեկման արշավներ և հանրությանը տեղեկացնել թվային մանիպուլյացիաների հնարավոր վտանգների մասին։
«Հետք»-ի գործադիր տնօրեն Քրիստինա Բարսեղյանն ընդգծեց, որ հասարակությունը պետության հիմնական ռեսուրսն է, մինչդեռ հանրային խոսույթում այն հաճախ արժեզրկվում է։
«Մեդիան երկար ժամանակ աշխատում է տեղեկատվական ճնշման պայմաններում։ Կարևոր ձեռքբերում է, որ մի շարք լրատվամիջոցներ կարողացել են միավորվել և համատեղ դիմակայել այդ ճնշմանը։ Եթե հասարակությունը մեդիայի միջոցով ձայն չունենա, ժողովրդավարության կայացումը լրջորեն վտանգված կլինի»,- ասաց նա։
Մոլդովայի Անկախ մեդիայի աջակցության ծրագրի ղեկավար Կորինա Չեպոյը կարևորեց Հայաստանի և Մոլդովայի մասնագիտական համագործակցությունը, սակայն ընդգծեց, որ երկու երկրների մարտահրավերները չեն կարող ամբողջությամբ նույնացվել։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրում անհրաժեշտ են տեղական համատեքստին համապատասխան գործիքներ և լուծումներ։
Նա նաև շեշտեց, որ անկախ մեդիայի պաշտպանության բացակայությունը վտանգ է ոչ միայն լրագրողների, այլև ամբողջ հասարակության համար։ Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ առանց անկախ լրագրության հնարավոր չէր լինի բացահայտել ընտրական գործընթացներին առնչվող բազմաթիվ չարաշահումներ և սկանդալներ։
Քննարկման մասնակիցները եզրակացրին, որ անկախ, մասնագիտական և հանրային վստահություն վայելող մեդիան ժողովրդավարության ու հասարակական դիմակայունության կարևորագույն պաշտպանական մեխանիզմներից է։ Դրա համար անհրաժեշտ են մեդիայի անկախության իրական երաշխիքներ, մասնագիտական համերաշխություն և հասարակության հետ վստահելի հաղորդակցություն։
Պանելային քննարկումները վարում էր լրագրող, ՀԼԱ Մեդիա կենտրոնի համակարգող Լիլիթ Ավագյանը։
Միջոցառումն իրականացվում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայության ամրապնդում` Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ նախագծի շրջանակներում։ Այն հնարավոր է դարձել Գերմանական «Մարշալ» հիմնադրամ (ԱՄՆ) «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի աջակությամբ։

