
«ԲԱՐԻԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Հանքաձորի հանքային դաշտի տարածքում արդյունաբերական նշանակության հանքայնացում հայտնաբերելու համար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ է ցանկանում իրականացնել։ Այս նախագծի վերաբերյալ Փամբակի համայնքապետարանը հանրային քննարկումներ է նախաձեռնել 2026 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Եղեգնուտ բնակավայրի 1 փող․թիվ 1 ժամանցի սրահում, նույն օրը ժամը 13։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբեդ բնակավայրի 2 փող․թիվ 8 վարչական շենքում և նույն օրը ժամը 15։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրի 2 փող․թիվ 1 վարչական շենքում։
«ԲԱՐԻԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ըստ էլեկտրոնայի ռեգիստրի տվյալների գրանցվել է 2026թ․ մարտի 30-ին, որպես «Այլ հանքագործական գործունեությանն օժանդակող ծառայությունների մատուցում» ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն։ Ընկերության բաժնետերերը հինգ հոգի են՝ Գրիգոր Գրիգորյան (38 տոկոս), Սուրեն Բարսեղյան (24 տոկոս), Հովհաննես Սուքիասյան (20 տոկոս), Ֆելիքս Լազարյան (9 տոկոս), Գևորգ Մուրադյան (9 տոկոս)։ Գևորգ Մուրադյանը միաժամանակ հանդիսանում է ընկերության գործադիր մարմնի ղեկավարը։
Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կաքում հրապարակված «Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազա»-յի տվյալների տեղամասը գտնվում է Դեբետ բնակավայրից մոտ 89 կմ հարավ, Եղեգնուտ գյուղից 5-6 կմ հարավ, հարավ-արևելք։
Հանքային դաշտի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են յուրայի, պալեոցեն–ստորին էոցենի, վերին միոցենի հրաբխային և հրաբխանստվածքային առաջացումները: Հանքավայրում պղնձի հանքայնացումը կապվում է յուրայի հասակի ապարների հետ: Հանքաձորի երկրաբանական աշխատանքների ամփոփ 1956-1959թթ. և Հանքաձորի հանքային դաշտի որոնողական և Հանքաձորի պղնձի հանքավայրի կենտրոնական տեղամասում նախնական հետախուզական աշխատանքների 1974թ. հաշվետվությունների համաձայն 19-րդ դարի սկզբում այստեղ գործել են փոքր լեռնահանքարդյունաբերական ձեռնարկություններ:
20-րդ դարի սկզբներին ֆրանսիացիների կողմից միայն Հանքաձոր տեղամասից (Հանքաձորի հանքավայր) ստորերկրյա եղանակով արդյունահանվել է մոտ 150 հազ.տոննա հանքաքար:
Հանքաձոր տեղամասում անցած փորվածքների ընդհանուր երկարությունը կազմել է 8.5կմ: Մինչև 20-րդ դարի կեսերը Հանքաձորի հանքավայրում իրականացվել են երկրաբանահետախուզական և շահագործական աշխատանքներ, որոնց արդյունքում կատարվել է ավելի քան 18000գծ.մ. ստորգետնյա հորիզոնական և 26 գծ.մ ուղղաձիգ, 7696մ3 առուների և խրամների, շուրջ 6000գծ.մ հորերի անցում և ավելի քան 15,8կմ սյունակային հորատում (նկար 17): Հանքավայրի պաշարները հաստատվել են ՀՍՍՀ երկրաբանական վարչության ԳՏԽ որոշմամբ 5651.32 հազ.տ հանքաքար և 92.42հազ.տ պղինձ քանակություններով: 1975թ.-ին հանքավայրը դասվել է պահուսատային հանքավայրերի շարքին: Էլիարի, Սիսիմադանի, Նազոյի-յուրտ տեղամասերում անցել են ավելի քան 15 հատ բովանցք, մասամբ վերականգնվել են 1890-ական թվականներին։
Փամբակ համայնքի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ նշված չէ, թե կոնկրետ ինչ օգտական հանածո են որոնելու։

