
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը ֆեսյբուքում գրել է․
Ստեփանավանի զարգացման հնարավորություններն անսպառ են և անսահմանափակ՝ առանց «հանքի»։
Երբ ցանկացած տեղական ինքնակառավարման մարմին արդարացնում է «հանք» ունենալու կոնցեպտը համայնքային զարգացմամբ, այն կարծես սեփական «անկարողության» հայտարարություն լինի։ ՏԻՄ-երն ունեն համայնքային զարգացման լայն գործիքակազմ, տեղական և միջազգային համագործակցության լայն հնարավորություններ, տեղական և միջազգային ներդրումներ բերելու, ներդրումներ խթանելու անսպառ մեխանիզմներ։
Այլ արդարացումները կամ պնդումները՝ էկոլոգիական գոտիներում հանք ունենալու անհրաժեշտության վերաբերյալ, կեղծ նարատիվներ են, որոնք ստեղծվում և տարածվում են միայն «հանք» ունենալու հանգամանքը արդարացնելու և սեփական «Չկարողություն»-ը քողարկելու համար։
Տարիներ շարունակ որոշ համայնքներում համայնքաբնակ քաղաքացուն հրամցվում էր այն միտքը, որ «դու առանց հանքի» զարգացման այլ հնարավորություններ չունես, դու «չկարող» ես։ Հետո քաղաքացին ինքնուրույն սկսեց ապացուցել, որ չէ՛, ինքը առանց հանքի զարգանալու լիքը հնարավորություններ ունի. ինքը ֆերմեր է, զբոսավար է, հյուրընկալող ընտանիք է, հյուրատուն և հյուրանոց է, գյուղմթերք վերամշակող և արտադրող է, ու ինքը կարողանում է ապահովել երկրի ՀՆԱ-ի միջինը 15%-ը (գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը միասին վերցրած՝ հանքարդյունաբերության միջինը 4%-ի համեմատ)։ Ինքը ուզում է անարատ, մաքուր բնության մեջ արարել, ստեղծել, ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին կամ իր արտադրանքով դուրս գալ միջազգային շուկա։
Հատկապես այսօր ֆերմերները պետք է այնքան անխոցելի լինեն իրենց արտադրանքով, որպեսզի դուրս գան եվրոպական շուկա, ու ֆերմերները դա գիտակցում են։
Հենց այս սեգմենտն էլ հանդիսանում է երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի հիմնական շարժիչ ուժը։

