Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/7/2026
share

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն է գործարկում՝ «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի համար

ԵՄ-ն Հայաստանում նոր գործընկերային առաքելություն է գործարկում՝ «հիբրիդային սպառնալիքների» և ապատեղեկատվության դեմ պայքարի համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական միության խորհուրդը։

 

Խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելության (EUPM Armenia) գործարկման նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարձրացնելու երկրի դիմակայունությունը «հիբրիդային սպառնալիքների» նկատմամբ և ուժեղացնելու զարգացող անվտանգության մարտահրավերներին արձագանքելու կարողությունը։

Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում գործող քաղաքացիական խորհրդատվական առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է 2026 թվականի ապրիլի 21-ին։ ։

Առաքելությունը Հայաստանի պետական կառույցներին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագրեր։

Նախատեսվում է նաև ստեղծել հատուկ նախագծային խումբ, որը միջազգային գործընկերների հետ համատեղ կիրականացնի առաքելության մանդատով նախատեսված ծրագրերը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարության մեջ նշել է, որ անցյալ շաբաթ Եվրամիությունը Հայաստանին ներկայացրել էր տնտեսական և քաղաքական աջակցության լայնածավալ փաթեթ՝ «ռուսական ճնշմանը հակազդելու նպատակով», իսկ այժմ տեղակայում է նոր առաքելություն։

ԵՄ-ում նշում են, որ առաքելությունը ստեղծվել է Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա և հանդիսանում է ԵՄ-Հայաստան անվտանգության համագործակցության ընդլայնման մաս։ Առաքելության նախնական մանդատը երկու տարի է, իսկ դրա կազմում հիմնականում կլինեն ԵՄ անդամ պետությունների կողմից գործուղված փորձագետներ։

Առաքելության ղեկավար է նշանակվել Կոսմին Գեորգե Դինեսկուն, որը նախկինում ղեկավարել է Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ գործընկերային առաջին առաքելությունը։

EUPM Armenia-ն Հայաստանում ԵՄ երկրորդ քաղաքացիական առաքելությունն է։ Այն առանձին է գործում 2023 թվականին ստեղծված ԵՄ դիտորդական առաքելությունից (EUMA), որի գործունեությունը կենտրոնացած է սահմանային իրավիճակի դիտարկման վրա։

facebook sharing button facebook