
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու՝ անապահովության նպաստ ստանալու իրավունքը, ինչպես նաև վճարվել է նախորդ ամիսների չստացված գումարը։ Օմբուդսմենի աշխատակազմ դիմած քաղաքացին հայտնել էր, որ իրավասու մարմիններին ուղղված դիմումները մնացել են անարդյունք, ինչից հետո խնդրի կարգավորման նպատակով աջակցություն է խնդրել Պաշտպանի հաստատությունից։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են․ «Բողոքի քննության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցության արդյունքում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ։ Արդյունքում քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվել է, ինչպես նաև վճարվել է նախորդ ամիսների չվճարված նպաստը։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ նպաստելով իրավունքների լիարժեք իրացմանը»։

