
«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, էկոակտիվիստ և իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստեփանավանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մատնանշելով պետական և տեղական որոշումների միջև առկա լուրջ հակասությունը։ Իրավապաշտպանը հիշեցնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ Ստեփանավանը հայտարարվել է «Զբոսաշրջային կենտրոն», ինչը ենթադրում է լուրջ, այդ թվում՝ միջազգային ներդրումներ ոլորտում։ Սակայն, դրանից ընդամենը երեք ամիս անց՝ 2026 թվականի մարտի 20-ին, Ստեփանավանի ավագանին համաձայնություն է տվել համայնքի տարածքում ոսկու որոնման և գնահատման ծրագրերին։
Օլեգ Դուլգարյանի գնահատմամբ՝ պաշարների ցանկացած որոնում ի վերջո միտված է արդյունահանմանը, ինչը համայնքում հանքայնացման նոր ռիսկեր է առաջ բերում։ Նա հարցադրում է անում, թե արդյոք զբոսաշրջության ոլորտի տեղական ու միջազգային ներդրողները պատրաստ կլինեն միջոցներ ներդնել մի վայրում, որը գնում է հանքարդյունաբերական դառնալու ուղղությամբ։ Որակելով ավագանու քայլերը որպես «ոչ ռազմավարական և փնթի որոշումներ», որոնք ռիսկի են ենթարկում համայնքի կանաչ ու կայուն զարգացումը՝ իրավապաշտպանը կոչ է անում նոր հանքեր բացելու փոխարեն զբաղվել Լոռու մարզի չռեկուլտիվացված պոչամբարների վերականգնմամբ։
Մասնավորապես գրել է
«Ստեփանավան. զբոսաշրջային, թե՞ հանքարդյունաբերական կենտրոն։
2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը հաստատեց որոշում, որով, ի թիվս այլ համայնքների, Ստեփանավանը հայտարարվեց «Զբոսաշրջային կենտրոն»։
Այս որոշումը ենթադրում է համայնքի զբոսաշրջության ոլորտում լուրջ ներդրումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերներից։
Սակայն դրանից ընդամենը մոտ երեք ամիս անց (2026 թվականի մարտի 20) Ստեփանավան համայնքի ավագանին տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ստեփանավան համայնքի տարածքում իրականացվեն ոսկու որոնման և գնահատման ծրագրեր, որոնք համայնքի տարածքում հանքայնացման նոր ռիսկեր են առաջ բերում։ Պաշարների ցանկացած որոնման հիմքում ընկած է արդյունահանման նպատակը։
Թող զբոսաշրջության ոլորտում ներդրողները, տեղական և միջազգային գործընկերները, իրենք ասեն՝ արդյո՞ք պատրաստ են ներդրումներ կատարել մի համայնքի զբոսաշրջության ոլորտում, որտեղ լուրջ գործընթացներ են ընթանում համայնքը հանքարդյունաբերական դարձնելու ուղղությամբ։
Ինչպե՞ս կարելի է ռիսկի ենթարկել համայնքի կանաչ, կայուն զարգացման հեռանկարը ոչ ռազմավարական և փնթի որոշումներով։
Հ․Գ․Լոռու չռեկուլտիվացված պոչամբարները ռեկուլտիվացրեք, ոչ թե նոր հանքեր բացեք։
#Առանց #Հանք #Լոռի»․ Օլեգ Դուլգարյան

