
Սկզբում Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի դահլիճում, ապա Վանաձորի համայնքապետարանում, ի վերջո՝ Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման վերաբերյալ։ Լսումներն անցան առանց հանրության։ Ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, համայնքների վարչական բնակավայրերի ղեկավարներ, ՀԿ սեկտորի և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Մինչ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանը այս միավորումը դրական քայլ բնութագրեց, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը հայտնեց մի շարք մտահոգություններ ու հետաքրքվեց՝ ի վերջո այս քայլով կառավարությունը քաղաքական խնդիր է լուծո՞ւմ՝ փորձելով Վանաձորի ՏԻՄ ճգնաժամը վերջնականապես հանգուցալուծել, թե միջոցների արդյունավետ կառավարման խնդիր է դրել։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը բացառեց քաղաքական խնդրի լուծման վարկածը։ Ասաց՝ փոքր համայնքների զարգացմանն ուղղված քայլ է։
Հիշեցնենք՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով 22 բնակավայր ընդգրկող մեկ համայնք։ Նպատակը՝ ունենալ ավելի արդյունավետ և կենսունակ համայնքներ, ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում և բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։
Փոխնախարարը Առնակ Ավետիսյանը խոսեց օրենսդրական փոփոխությունների հիմնական դրույթներից, ասաց՝ համայնքների միավորումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները, մեծացնել համայնքների կարողությունները։
Հանրային քննարկմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը՝ կապված 2021-ին խոշորացված Վանաձոր համայնքում առկա խնդիրների հետ, հակադարձեցին նախարարության ներկայացուցիչների դիտարկումներին, թե միավորում դրականորեն կանդրադառնա համայնքների զարգացման վրա։

