
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորումները՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։
Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։
Սարքավորումներն արդեն Հայաստանի Հանրապետությունում են և նախատեսվում է դրանք հատկացնել Ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։
Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային համաստեղությունն է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Ծառայությունը կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։
Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ձևավորված համագործակցության:

