
Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը, որը հնարավորություն է տալիս աշխատող ծնողներին աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու նպատակով։ Հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Կարգավորման համաձայն՝ մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին տրամադրվում է օրական մինչև 30 րոպե, մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ, իսկ մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
«Ծնողական ժամից» օգտվելու համար աշխատողը պետք է գրավոր դիմում ներկայացնի, և գործատուն իրավունք չունի մերժելու այն։
Կարգավորման կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը՝ բացառությամբ պարգևատրման գումարների։

