Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/7/2026
share

Վայքի ավագանին նախնական համաձայնություն է տվել Բազմասարի հանքերևակումների տեղամասում մետաղական օգտակար հանածոներ որոնելու նախագծին

2026թ․ հուլիսի 8-ին Վայոց ձորի Վայքի ավագանին նախնական համաձայնություն է տվել «ՏԻԳԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Վայք համայնքի Արտավան և Սարավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող շուրջ 7673.4776 հա մակերեսով տարածքում, որը գծանշված է կից ներկայացվող քարտեզում, նախատեսվող մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներ իրականացնելու համար։

Այս թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները իրականացվել են 2026թ․ հունիսի 29-ին Վայք համայնքի Արտավան և Սարավան բնակավայրերում։ Ինչպե՞ս են անցել հանրային քննարկումները, որքա՞ն մարդ է մասնակցել, ի՞նչ կարծիքներ են հնչել տեղեկատվություն չկա, որովհետև որևէ հրապարակում չկա բաց աղբյուրներում։

Պաշտոնական կայքում որոշմանը կից հրապարակված փաստթղթում նշված է, որ ընկերությունը նախատեսում է աշխատանքները սկսել 2027 թ․ երկրորդ եռամսյակում և ավարտել 2030թ․ 2-րդ եռամսյակում։ Ընկերության կողմից ներկայացված նախնական փաստաթղթում նշված չի, թե ինչ նպատակով է իրականացվելու երկրաբանաորոնողական աշխատանքները։

Ըստ Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակ-ի տվյալների «ՏԻԳԷՔՍ» ՍՊԸ-ն գրանվել է 2026թ․ մայիսի 22-ին, ընկերության 100 տոկոս բաժնետերը Ալպյան Էքսփլորեյշն Լիմիթեդ ընկերությունն է, որի տնօրենը Ջասթին Դիբբն է։ Այս ընկերության մասին բաց աղբյուրներում այլ տվյալ չկար։ «ՏԻԳԷՔՍ» ընկերության գործադիր տնօրենը Հայկ Ալոյանն է, ով նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն է։

Ջասթին Դիբբը միաժամանակ հանդիսանում է նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 87․5 տոկոս անուղղակի բաժնետերը։ Այստեղ, որպես միջանկյալ ընկերություններ նշված են Յունայթիդ Գոլդ Արմ III (ԲիՎիԱյ) Ինք /Բրիտանական Վիրջինյան Կղզիներ/, Յունայթիդ Գոլդ Քորփ /Սեյշելյան կղզիներ/, Յունայթիդ Գոլդ ԱՐՄ Քորփ էլթիդի /Սեյշելյան կղզիներ/, Յունայթիդ Գոլդ Արմ ԷլԷլՍի-ԷֆԶեթ /Միավորված Արաբական Էմիրություններ/, Յունայթիդ Գոլդ ԱՐՄ ԱՅ Քորփ էլթիդի /Սեյշելյան կղզիներ/, որոնց գործադիր տնօրենը էլի Ջասթին Դիբբն է։

Հիշեցնենք, որ «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի և /կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման՝ ոսկու կորզման, գործարան կառուցելու նախագծին ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն է տվել պատճառաբանական մասում նշելով հանև այն հանգամանքը, որ «Վայոց ձոր 2» և «Վայոց ձոր 4» միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթերում Վայք համայնքում և Զառիթափ բնակավայրում հանքարդյունաբերական համալիրների հեռանկարային ծրագրեր չեն նախատեսված, հետևաբար ներկայացված գործունեությունը չի բխում գործող տարածական պլանավորման փաստաթղթերի լուծումներից։

facebook sharing button facebook