Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/7/2026
share

Կիևի կողմից Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության գործարկումը տարիներ կպահանջի․ Bloomberg

Bloomberg-ի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ թույլ տալ Ուկրաինային արտադրել հրթիռներ Patriot զենիթահրթիռային համակարգերի համար, հնարավոր չէ իրականացնել կարճ ժամկետներում։ Ուկրաինայում դրանց թողարկումը կազմակերպելը, հատկապես մեծ ծավալներով, ծայրահեղ բարդ և տարիներ պահանջող խնդիր կդառնա՝ հրթիռների տեխնիկական բարդության և համապատասխան տեխնոլոգիաների նկատմամբ ԱՄՆ խիստ վերահսկողության պատճառով, չորեքշաբթի՝ հուլիսի 8-ին, գրում է գործակալությունը։

Այս բարդության աստիճանը կախված է նրանից, թե կոնկրետ որ տիպի հրթիռներն է նախատեսվում արտադրել նոր հոսքագծով։ PAC-3 մոդիֆիկացիան, որի մեկ հրթիռի արժեքը կազմում է մոտ 5 միլիոն դոլար, և որն ընդունակ է որսալ բալիստիկ հրթիռներ ու հանդիսանում է աշխարհի ամենակատարյալ ՀՕՊ միջոցներից մեկը, արտադրվում է միայն երկու երկրում՝ ԱՄՆ-ում և Ճապոնիայում, հստակեցնում է Bloomberg-ը։

Bloomberg Economics-ի պաշտպանական հարցերով առաջատար փորձագետ Բեքի Վասերի խոսքով՝ Patriot հրթիռի արտադրության վրա տարիներ են ծախսվում, ինչը նշանակում է, որ Ուկրաինայում դրանց թողարկումը հնարավոր չի լինի հաստատել այնքան կարճ ժամկետներում, որքան անհրաժեշտ է այդ երկրին։ «Բացի այդ, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արագ արտադրության փորձը, որն ունի Ուկրաինան, կարող է կիրառելի չլինել Patriot-ի թողարկման դեպքում՝ համապատասխան տեխնոլոգիաների նկատմամբ ԱՄՆ խիստ վերահսկողության պատճառով»,- համարում է նա։

Բացի այդ, ընթացիկ արտադրության մատակարարման շղթաներն արդեն իսկ գերբեռնված են, իսկ նոր հոսքագծի բացումը կպահանջի մասնագիտացված սարքավորումներ և անձնակազմի վերապատրաստում։ Սա նույնպես կերկարաձգի նախագծի իրականացման ժամկետը, նշում է գործակալությունը։

Bloomberg-ում նաև ընդգծում են, որ Ուկրաինայի տարածքում սպառազինության արտադրության ցանկացած նոր գործարան կդառնա ռուսական հարձակումների առաջնահերթ թիրախ։ Այս կապակցությամբ որոշ փորձագետներ ենթադրում են, որ Ուկրաինան պետք է Patriot-ի հրթիռների արտադրության գործարանը կառուցի ավելի անվտանգ վայրում, օրինակ՝ Լեհաստանում։

 

Աղբյուր՝ DW

facebook sharing button facebook