
ԱՄՆ զինված ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի դեմ։ Ինչպես հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), դա պետք է սահմանափակի Հորմուզի նեղուցում նավագնացությանը խոչընդոտելու Թեհրանի կարողությունը։ X սոցիալական ցանցում չորեքշաբթի երեկոյան՝ հուլիսի 8-ին, հրապարակված այս հաղորդագրության համաձայն՝ հարվածներ հասցնելու հրամանը տրվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Զինվորականները նոր հարձակումների թիրախների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ չեն հայտնել։
Նախօրեին CENTCOM-ը՝ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարություն, հայտնել էր Իսլամական Հանրապետությունում ավելի քան 80 թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին՝ դա պատճառաբանելով Հորմուզում առևտրային նավերի վրա հարձակումներով։ Ամերիկյան հրամանատարության հստակեցմամբ՝ ամերիկյան զինվորականների թիրախներն են դարձել իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը, կառավարման և կապի ցանցերը, ափամերձ ռադարային կայանքները, հականավային հրթիռային պաշտպանության միջոցները, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավելի քան 60 մոտորանավակ։
Ամերիկյան նոր հարվածների մասին հայտարարությունից քիչ առաջ Վաշինգտոնի կառավարությունը վերագործարկել էր իրանական նավթի դեմ պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին ընդամենը երկու շաբաթ առաջ։
Ամերիկյան հարվածներից հետո Իրանի իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրել են Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության մասին հուշագրի հինգերորդ կետը խախտելու մեջ։ Իրանը հետամուտ է լինելու ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանությանը, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «փաստացիորեն խախտել է համաձայնագիրը՝ իր միակողմանի գործողություններով և Իրանի դեմ ագրեսիվ հարձակումներով»։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թեհրանի ղեկավարությունը հայտարարել է ամերիկյան հարվածների առաջին ալիքին ի պատասխան ձեռնարկվող միջոցների մասին։ Իրանի կողմից գնդակոծությունների մասին հայտնել են Քուվեյթը և Բահրեյնը։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է ԻՀՊԿ-ն՝ պնդելով, որ դրանք հասցվել են երկու երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «Հորմոզգան և Մահշահր նահանգներում մի շարք ափամերձ բազաների ու քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հասցված ավիահարվածների»։
Սպիտակ տան ղեկավարը, հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ուժի մեջ են մնում Իրանի հետ հրադադարն ու ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը, հայտարարել է. «Կարծում եմ՝ դրա վերջը տրված է։ Ես այլևս չեմ ցանկանում որևէ գործ ունենալ նրանց հետ»։ Դոնալդ Թրամփը ժամանակի զուր կորուստ է որակել ցանկացած շփում իրանցի ներկայացուցիչների հետ, որոնց նա անվանել է սրիկաներ և ստախոսներ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ թույլ կտա իր բանակցողներին շարունակել երկխոսությունը Իրանի հետ, եթե նրանք ցանկանան։
Աղբյուր՝ DW

