
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը անդրադարձել է 2026թ․ հուլիսի 17-ին Ստեփանավան համայնքում նախաձեռնված հանրային քննարկումների վերաբերյալ։
«ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ-ՏԱՐԱԾԵԼ
Փնտրում ենք
Ստեփանավանում, 2026 թվականի հունվարի 30-ին, ժամը 12:00-ին հանքի թեմայով կայացած հանրային լսման մասնակիցներին (ՏԻՄ ներկայացուցիչները, համայնքային ենթակառուցվածքների և հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները չարձագանքեն, ձեզ չենք փնտրում)։
Ուրեմն, փաստորեն, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանին լուրջ մտադրություն ունի Ստեփանավան համայնքը դարձնել հանքարդյունաբերական, այն պարագայում, երբ Ստեփանավանը զբոսաշրջային է, և ամբողջ համայնքն այդ ուղղությամբ ակտիվ տեմպերով զարգանում է։
Սակայն ո՛չ. փաստորեն, 2026 թվականի հունվարի 30-ին Ստեփանավան համայնքի Ստեփանավան, Արմանիս և Ուրասար բնակավայրերում իրականացվել են «Արմանիսի հանքային դաշտի Արևմտյան և Հարավարևելյան թևերում 2026-2029թթ. իրականացվելիք երկրաբանական ուսումնասիրությունների ծրագրի» հանրային քննարկումները։
Դրանից հետո Ստեփանավան համայնքի ավագանու, կարծես թե, բոլոր խմբակցությունները (դիմադիր և ընդդիմադիր) համերաշխաբար կողմ են քվեարկել և համաձայնություն տվել նշված ծրագրին։
Հիմա սպասեք. փաստորեն, այնքան լավ է իրականացվել իրազեկումը, որ նույնիսկ ես, որպես այդ թեմաներով մաքսիմում իրազեկվող մարդ, չեմ իմացել տվյալ հանրային քննարկումների մասին։
Ու հիմա շատ կոնկրետ հարց ունենք՝ որքանո՞վ են մասնակցային եղել այդ հանրային քննարկումները, ու հատկապես՝ Ստեփանավանում։
Փնտրում ենք Ստեփանավանում, 2026թ․ հունվարի 30-ին, ժամը 12:00-ին, վերոնշյալ հանրային լսումներին մասնակցած Ստեփանավանի բնակիչներին, որպեսզի համոզվենք, որ նրանք կողմ են իրենց համայնքի տարածքում հանքի հեռանկարին, որի վրա հիմնվելով էլ ավագանին տվել է իր համաձայնությունը։
Փնտրում ենք այն մասնակիցներին, ովքեր ՏԻՄ, համայնքային ենթակայության աշխատակիցներ և հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցներ չեն, չափազանց մտերիմները ևս չարձագանքեն, գիտենք, որ դուք մասնակցած կլինեք։ Մենք Ստեփանավան համայնքի սովորական բնակիչների մասին ենք խոսում, ում դուք ծառայություն եք մատուցում որպես ծառայություն մատուցողներ։
Ավելորդ չի լինի ասել, որ հայցվող տարածքները Ստեփանավան համայնքից ուղիղ գծով ընդամենը 2-5-8 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում։
Թեկուզ 20-40 լիներ, միևնույնն է՝ էկո-գյուղական, զբոսաշրջային և հանքարդյունաբերական կենտրոններ նույն տարածքներում լինելու պնդումները գերմասնագիտական լոլոներ են, որոնք հակասում են կայուն զարգացման սկզբունքներին։
Ստեփանավանում լավ ավանդույթ է ձևավորվել. մի քանի տարի առաջ էլ մեկ այլ ընկերության համար է դրական որոշում սղղացվել-գնացել, և հիմա նրանք էլ Ստեփանավան համայնքի մեկ այլ տարածքներն են ուսումնասիրում։
Ասեք այդ ժողովրդին, որ դուք նախատեսում եք Ստեփանավանը դարձնել հանքարդյունաբերական կենտրոն։ Իսկ ավելի լավ է, դրա փոխարեն մտածեք նախկին հանքարդյունաբերության հետևանքների վերացման մասին։
Հիմա, հարգելի՛ ստեփանավանցիներ, հուլիսի 17-ին լինելու են այս հարցի երկրորդ և վերջին հանրային քննարկումները Ստեփանավանում, Արմանիսում և Ուրասարում, ու դուք ունեք միակ և վերջին հնարավորությունը մերժելու Ստեփանավան համայնքը հեռանկարային հանքավայր դարձնելու ձգտումը։
Սույն քարտեզում երևում է, թե հայցվող տարածքները որքան մոտ են Ստեփանավանին և հատկապես մյուս բնակավայրերին։ Սույն նկարում նաև երևում է, թե նախկինում գործող հանքավայրը որքան մոտ է Ստեփանավանին, նրա գյուղատնտեսական հողերին, սակայն որոշ մարդկանց թվում է, որ եթե Ստեփանավանի կենտրոնից դա չի երևում, ուրեմն ամեն ինչ նորմալ է։
Ժող, լա՞վ եք մտածել։ Ամբողջ Հայաստանից Ստեփանավան գալիս են մաքուր օդ շնչելու համար։ Էս ի՞նչ անռազմավարություն է, տնտեսության «դիվերսիֆիկացիոնիստներ»։
Լոռիում նոր հանքեր չեն լինելու, եղածը վայելեք»,-գրել է նա։

