Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/7/2026
share

Պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիության ժամկետն ավարտվել է․ ԿԸՀ-ն Դատախազության միջնորդությունները հետ է ուղարկել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Գլխավոր դատախազության՝ պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և որոշ դեպքերում նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները վերադարձնել դատախազություն։ ԿԸՀ-ն պարզաբանել է, որ պատգամավորի թեկնածուների հատուկ կարգավիճակը գործել է մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը, և դրանից հետո հանձնաժողովն այլևս իրավասու չէ նման միջնորդություններ քննել։

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել էր պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որոշների դեպքում էլ՝ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։ Այդ միջնորդությունները ԿԸՀ-ն չէր քննել աշխատանքային ծանրաբեռնվածության՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքով պայմանավորված։ Հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում որոշել է դրանք վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազություն։ Ընտրական օրենսգրքով պատգամավորի թեկնածուների սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում։

 

facebook sharing button facebook