Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/7/2026
share

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Փաշինյանին, Կալլասին և Ալիևային

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է, որ Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ է հղել միջազգային և պետական կառույցներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Վերոնիկա Զոնաբենդը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է՝ հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։

«Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։ Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով և անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար»,- ասված է Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունում։

Նա նաև հայտնել է, որ բաց նամակներով դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին։ Բացի այդ, նամակ է հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների հնարավոր աջակցության խնդրանքով։

Բաքվում քսան տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը և Արցախի ռազմաքաղաքական յոթ այլ ղեկավարներ Ադրբեջանում բանտարկված են 2023-ի սեպտեմբերից՝ Արցախի էթնիկ զտումից հետո։ Ներկայում Ադրբեջանում պաշտոնապես 19 հայ կալանավորված կա։ 

facebook sharing button facebook