
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Տավուշի մարզի դատախազության հայցը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Դիլիջանում գտնվող շուրջ 189,9 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքի աճուրդը։ Դատարանը նաև հայցի ապահովման միջոց է կիրառել՝ արգելելով ընկերությանը օտարել կամ գրավադրել վիճարկվող գույքը։
«Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող՝ 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանը ցանկացած եղանակով օտարել, գրավադրել վերոնշյալ անշարժ գույքը»,- ասված է հաղորդագրությունում։

