Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/7/2026
share

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ընտրողներին ուղղորդել է քվեարկել դաշինքի օգտին․ ՔԿ

Լոռու մարզում քննվող քրեական վարույթի շրջանակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ընտրողների ազատ կամարտահայտությանը միջամտելու մեղադրանքով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա ընտրատեղամասի բակում ընտրողներին հորդորել և ուղղորդել է քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, իսկ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն հանդիսանալով «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ և գտնվելով 25/20 ընտրատեղամասի բակում, գործելով ընտրողների կողմից իրենց ընտրական իրավունքն ազատ և անկախ իրականացնելու գործընթացին միջամտելու, նրանց կամարտահայտության վրա ներգործելու ուղղակի դիտավորությամբ, հունիսի 7-ին ընտրատեղամաս ժամանած ընտրողներին հորդորել և ուղղորդել է քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին: Մ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։
 

facebook sharing button facebook