
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն արդարացրել է Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանին։ Դատարանի որոշումը հրապարակվել է քիչ առաջ։
Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը նախորդ տարվա մայիսի 29-ին արդարացրել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով մեղադրվող Դավիթ Սանասարյանին: Վերաքննիչ բողոք ներկայացրել է Դատախազությունը։
Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Գործով անցնում էին նաեւ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի կառավարումն իրականացնող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դատաքննության ընթացքում դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել 2019 թ ապրիլից։ Նա բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում եւ չի ընդունում մեղադրանքը

