
Խոստացված բնակարաններ՝ տարիների ուշացմամբ, ձմեռ՝ առանց գազի ու ջեռուցման, իսկ հիմա էլ՝ նոր ֆինանսական բեռ։ Երևանի «Կոմիտաս պարկ» նորակառույց թաղամասի բնակիչները, որոնք հիմնականում հանրային ծառայողներ են, հայտնվել են փակուղու առաջ։
Կառուցապատող «Օրդ դեվելոփմենթ» ընկերությունն արդեն երկու տարի ուշացրել է բնակարանների հանձնումը, իսկ մինչ օրս լուծված չէ գազամատակարարման հարցը։ Ավելին՝ օրերս ընկերությունը բնակիչներից պահանջել է 357.000-ական դրամ՝ գազի բաժանորդ դառնալու տեղեկանքի դիմաց։
Բնակիչները պնդում են՝ սա ապօրինի է, որը նախատեսված չէ որևէ պայմանագրով։ Նրանք Կառավարության շենքի մոտ էին պահանջելով կանխել կառուցապատողի հարկադրանքն ու պաշտպանել իրենց շահերը։
Խնդրին արձագանքել է Քաղաքաշինության կոմիտեն՝ հանդես գալով հայտարարությամբ։ Կառույցն անընդունելի է համարել «Օրդ Դեվելոփմենթ»-ի կողմից հանրային ծառայողներին ներկայացվող ֆինանսական պահանջը և հստակեցրել՝ բնակիչները որևէ լրացուցիչ վճար կատարելու պարտավորություն չունեն, բացի օրենքով սահմանված գազի բաժանորդ դառնալու վճարից։ Կոմիտեն պաշտոնական գրությամբ հորդորել է կառուցապատողին առաջնորդվել բացառապես օրենքով և առանց նախապայմանների կատարել գազամատակարարման ապահովման իր պարտավորությունները

