
Հունիսին Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի, հաղորդում է ռուսական «Ведомости»-ն՝ հղում անելով Գների ինդեքսների կենտրոնի տվյալներին։
Պարբերականի տվյալներով՝ հունիսի 1-ից 25-ը Բելառուսից Ռուսաստան է մատակարարվել 141,000 տոննա բենզին՝ գրեթե 2.5 անգամ ավելի, քան ամբողջ մայիսի ընթացքում։ Անցյալ տարվա հունիսին ներմուծումը կազմել է ընդամենը 1000 տոննա։
Ներմուծման ծավալների աճը տեղի է ունենում ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի ավելի ինտենսիվ դարձած հարձակումների ֆոնին։
Գների ինդեքսների կենտրոնի տվյալներով՝ Բելառուսը նախկինում Կենտրոնական Ասիայի երկրներին մատակարարվող վառելիքի մի մասն է ուղղել Ռուսաստան։ Միաժամանակ, հունիսին Ռուսաստանի տարածքով տարանցվող բելառուսական բենզինի ծավալը տարեսկզբի 196,000 տոննայից նվազել է մինչև 24,000 տոննա։
Փորձագետները «Ведомости»-ի հետ զրույցում կարծիք են հայտնել, որ ներմուծման աճը կօգնի մեղմել ռուսական շուկայում ստեղծված իրավիճակը, բայց լիովին չի վերացնի վառելիքի պակասը: Էներգետիկ հարցերով փորձագետ Կիրիլ Ռոդիոնովի գնահատմամբ՝ Բելառուսը կարող է ամսական արտահանել մոտ 150,000-170,000 տոննա բենզին: Reuters-ի տվյալներով՝ ամռանը Ռուսաստանում բենզինի օրական սպառումը գերազանցում է 110,000 տոննան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը նաև սկսել է բենզին գնել Հնդկաստանից և քննարկում է Ղազախստանից մատակարարումների հնարավորությունը։
ՌԴ Պետդումայի էներգետիկ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իգոր Անանսկիխը RTVi-ին ասել է, որ վառելիքային ճգնաժամի ակտիվ փուլը կավարտվի «մի քանի շաբաթվա ընթացքում»։ Նա հավելել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում շուկան կայունացնելու համար, այդ թվում՝ նավթավերամշակման մի քանի գործարաններին թույլ է տալիս ժամանակավորապես վերադառնալ «Եվրո-3» վառելիքի արտադրությանը։
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները նավթավերամշակման որոշ գործարանների ժամանակավորապես թույլատրել էին արտադրել «Եվրո-3» բենզին՝ ներկայիս «Եվրո-5» ստանդարտի փոխարեն: Այս վառելիքը պարունակում է ավելի շատ ծծումբ և այրվելիս ավելի շատ վնասակար արտանետումներ է առաջացնում, որոնք կարող են վտանգավոր լինել երեխաների, տարեցների և ասթմա ունեցողների համար: Այնուամենայնիվ, «Եվրո-3»-ի արտադրությունն ավելի պարզ է և թույլ է տալիս ավելի արագ ավելացնել արտադրության ծավալները՝ դեֆիցիտի պայմաններում։

