Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/7/2026
share

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին, ինչպես նաև նախատեսված է հանդիպում ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս այցին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցը Միխայիլ Միշուստինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Այս շփումները տեղի են ունենում հայ-ռուսական լարվածության ֆոնին, քանի որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։ Մասնավորապես, ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը, իսկ ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում էր հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։ Բացի այդ, խորհրդարանական քարոզարշավի ժամանակ ռուս պաշտոնյաների կողմից Հայաստանին ուղղված զգուշացումներ են հնչել «ՀՆԱ-ի առնվազն 14% անկման», «էներգակիրների գների կտրուկ բարձրացման» և «ենթակառուցվածքների նկատմամբ կոշտ վերահսկողության» մասին։

Ռուսաստանը Հայաստանին սպառնում է հիմնականում տնտեսական գործիքակազմով, և Մոսկվայի դժգոհությունը հատկապես հայտնի դարձավ մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներից հետո։ Առաջին գագաթնաժողովին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Երևանից Մոսկվային զգուշացրեց, որ մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի շքերթի վրայով կարող են անցնել ուկրաինական դրոններ։ Չնայած Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունվել էր դեռևս 2025-ի մարտին, Ռուսաստանը դրա մասին հատկապես հիշել է նախընտրական այս օրերին։

Այս ամենով հանդերձ, Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է, և ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր շուկան ու առևտրական գործընկերը: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2026-ի հունվար-մարտ ամիսների տվյալների՝ առաջին եռամսյակում Հայաստանի արտահանումները ՌԴ կազմել են 36,3 տոկոս, իսկ ԵՄ՝ 14,1 տոկոս, ընդ որում, արտահանման ծավալները ավելացել են 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, և Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։ Քաղաքական այս սառնության ֆոնին ուշագրավ է նաև այն փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

facebook sharing button facebook