
Անոմալ շոգից հետո Եվրոպայում սկսվել է անտառային հրդեհների նոր ալիք։ Վերջին օրերին խոշոր անտառային հրդեհներ են տեղի ունեցել Ֆրանսիայի հարավում, Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Այսպես, ավելի քան 580 հրշեջ պայքարում է կրակի դեմ 930 հեկտար տարածքում՝ Արևելյան Պիրենեյներում գտնվող Պերպինյան քաղաքից մոտ 35 կիլոմետր դեպի արևմուտք։ Եվս 900 հեկտար անտառ է այրվել Նարբոնից հյուսիս, հրդեհների մասին հայտնել են նաև Լանսոնի և Ուպիայի իշխանությունները։
Հունաստանում հրդեհները հասել են Սալոնիկից ոչ հեռու գտնվող Օրեոկաստրո համայնքի կառուցապատված տարածքներին։ Այնտեղ այրվում են երկու ձեռնարկությունների տարածքներ, կրակը մոտենում է բնակելի տներին։ Ավելի վաղ հրդեհներ էին բռնկվել նաև Խալկիդիկի շրջանում, Սալամին կղզում և երկրի հարավում։
Կատալոնիայի հյուսիս-արևելքում՝ Լա Բիսբալ դ'Էմպորդա քաղաքի մոտակայքում, կրակը ոչնչացրել է մոտ 2200 հեկտար բուսականություն, բռնկումը միայն մասնակիորեն է վերահսկվում։ Պորտուգալիայում, փրկարար ծառայությունների գնահատմամբ, հրդեհն արդեն ոչնչացրել է մոտ 10,000 հեկտար անտառ։
Անտառային հրդեհների վտանգի երկրորդ ամենաբարձր մակարդակը գործում է նաև Գերմանիայի Հարց լեռներում, գրում է Der Spiegel-ը։ Գերմանիան շոգի նոր ալիքը կպատի արդեն հաջորդ շաբաթ։

