Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/7/2026
share

Շվեյցարիայում հաջողությամբ ավարտվել են «արևային երկաթուղու» փորձարկումները. DW

Շվեյցարիայում հաջողությամբ ավարտվել են «արևային երկաթուղու» փորձարկումները։ Sun-Ways ստարտափն առաջարկում է երկաթուղային գնացքները սնուցել հատուկ արևային վահանակների օգնությամբ, որոնք տեղադրվում են հենց երկաթգծերի վրա՝ ռելսերի միջև։ Սեպտեմբերին նման վահանակներ են տեղադրվել շվեյցարական Բյուտ քաղաքի մոտակայքում գտնվող երկաթուղու 100 մետր երկարությամբ հատվածում։ Ենթադրվում էր, որ փորձարկումն իրականացվելու է երեք տարվա ընթացքում, սակայն արդեն իսկ դրա արդյունքները համարվել են այնքան հուսադրող, որ տարածաշրջանի իշխանությունները դիտարկում են նման համակարգի մշտական հիմունքներով տեղադրումը, գրում է Euronews-ը։

«Արևային երկաթուղու» աշխատանքի սկզբից ի վեր տվյալ հատվածում գտնվող 48 վահանակները արտադրել են մոտ 16,000 կՎտ⋅ժ էներգիա. մոտավորապես այսքան էներգիա է տարեկան սպառում այն տնտեսությունը, որտեղ լուսավորությունը, ջրի տաքացումը, ջեռուցումը և կենցաղային տեխնիկան աշխատում են էլեկտրականությամբ։

Այնուամենայնիվ, «արևային երկաթուղին» ունի նաև թույլ կողմեր։ Օրինակ՝ արևային վահանակները ավանդաբար տեղադրվում են մինչև 35 աստիճան անկյան տակ, ինչը մեծացնում է դրանց ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակիցը)։ Երկաթուղային պաստառի վրա վահանակներն այդպես հնարավոր չէ տեղադրել, սակայն Sun-Ways-ում վստահեցնում են, որ թեքության բացակայության պատճառով վահանակների կողմից էներգիայի արտադրության կորուստը կազմում է ընդամենը մոտ 10%։ Մեկ այլ խնդիր է տրանսպորտի անցնելու հետևանքով վահանակների աղտոտումը, ինչն ինքնստինքյան նվազեցնում է դրանց աշխատանքի որակը։ Դրա լուծման համար ստարտափն առաջարկում է շարժակազմի ծայրամասերը հագեցնել հատուկ խոզանակներով։

Երկաթուղիների միջազգային միությունը նույնպես ունի այլ մտահոգություններ նախագծի վերաբերյալ։ Գծերի վրա արևային վահանակների տեղադրումը հանգեցնում է հրդեհների բռնկման բարձր ռիսկի՝ դրանց վրա հնարավոր միկրոճաքերի հայտնվելու պատճառով։ Բացի այդ, վահանակների հայելային անդրադարձումները (շողերը) կարող են շեղել մեքենավարներին։ Sun-Ways-ն իր հերթին վստահեցնում է, որ իրենց վահանակները պատրաստված են ավելի ամուր նյութերից, քան սովորական օգտատիրոջը հայտնի վահանակները, իսկ վերևից դրանց վրա քսվում է հակաշողացող պատվածք։

Այսպես թե այնպես, Sun-Ways-ն արդեն համագործակցության պայմանագիր է ստորագրել Իտալիայի մի ընկերության հետ, որը փոխգործակցում է երկաթուղային ենթակառուցվածքի ազգային օպերատոր Rete Ferroviaria Italiana-ի հետ: Ստարտափը նաև ստացել է իշխանությունների համաձայնությունը Հարավային Կորեայում երկաթուղային գծերի վրա արևային վահանակներ տեղադրելու համար և բանակցություններ է վարում Նիդերլանդների, Չինաստանի, Հնդկաստանի և Սինգապուրի ընկերությունների հետ:

Նյութի աղբյուր՝ DW

facebook sharing button facebook