
Ֆրանսիայի հարավում ուժգին անտառային հրդեհի պատճառով տարհանվել է մոտ 3000 տեղի բնակիչ։ Այս մասին հուլիսի 2-ին հայտնել է AFP գործակալությունը։ Ներկայումս մի քանի հրդեհներ միաժամանակ մոլեգնում են ոչ միայն երկրի հարավում, այլև հարավ-արևմուտքում: Ամեն ինչի պատճառը շաբաթներ շարունակ տիրող շոգ և չորային եղանակն է։ Երկրի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի խոսքով՝ հրդեհները սկսվել են կանխատեսված ժամկետից երկուսից երեք շաբաթ շուտ։
Մոտ երեք հազար մարդու տարհանման պատճառ է դարձել հրդեհը, որը սկսվել է Պրովանս - Ալպեր - Լազուրե ափ տարածաշրջանի Սենտ-Մարի-լա-Մեր համայնքի շրջանում։ Տարհանվածների գրեթե կեսը բնակվում էր քեմփինգներում. կրակը ոչնչացրել է տասնյակ ավտոֆուրգոններ և բունգալոներ։
Ավելի ուժգին հրդեհ է բռնկվել Օքսիտանիա տարածաշրջանում գտնվող Պուզոլ-Միներվուա փոքր համայնքից ոչ հեռու։ Այնտեղ այրվել է մոտ ինը քառակուսի կիլոմետր բուսականություն։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է շուրջ 800 հրշեջ, 150 միավոր տեխնիկա և մի քանի հրշեջ ինքնաթիռ։ Կրակի դեմ պայքարը բարդացնում է ուժեղ քամին, որի պոռթկումները հասնում են մինչև 70 կմ/ժ-ի։
Հրդեհներ են բռնկվել նաև Մարսել քաղաքից հյուսիս՝ Ռոնյակ և Լանսոն-Պրովանս համայնքների մոտակայքում (երեքն էլ՝ Պրովանս - Ալպեր - Լազուրե ափ)։ Դրանց պատճառով, մասնավորապես, չեղարկվել են Մարսելի, Բորդոյի և Ավինյոնի միջև գործող որոշ գնացքների չվերթներ։
Նյութի աղբյուրը՝ DW

