Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/7/2026
share

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն հանրային քննարկում է նախաձեռնել Գեղանուշ գետի տեղափոխման թունելի վերանորոգման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն հանրային քննարկում է նախաձեռնել Գեղանուշ գետի տեղափոխման թունելի վերանորոգման  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Հանրային քննարկումը կանցկացվի 2026թ. հուլիսի 14-ին՝ ժամը 12:00-ին Կապան համայնքի նիստերի դահլիճում։

«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարի կառուցման համար նախատեսվել և իրականացվել է Գեղանուշ գետի հունի տեղափոխում՝ թունելային անցման միջոցով։ Գեղանուշի պոչամբարը Գեղանուշ գետի կիրճում է՝ հարստացուցիչ ֆաբրիկայից 1.5 կմ հեռավորության վրա։ Թունելի նախագծային աշխատանքները իրականացրել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը 2005թ-ին։ Թունելի շինարարությունն իրականացվել է 2007-2009 թվականների ընթացքում։

Թունելը նախատեսված է Գեղանուշ գետի առավելագույն հոսքերի տեղափոխման համար։ Երկարությունը կազմում է մոտ 1115 մ։ Թունելն անցնում է մայրական ապարների միջով, կտրվածքը լույսում կազմում է մոտ 17.36 մ 2 ։ Երեսարկի հաստությունը տատանվում է 20-ից 30 սմ-ի սահմաններում, այն երկաթբետոնից է։ Նախատեսվող գործունեությամբ պետք է իրականացվի թունելի վերանորոգման հետևյալ հիմնական նախագծային աշխատանքները՝

  • Ճեղքերի վերանորոգում,
  • Երեսարկի վնասված հատվածների վերականգնում,
  • Մետաղական տարրերի կոռոզիայի վերացում,
  • Երեսարկի հետևի խոռոչների լցում,
  • Երեսարկի վերջնական մշակում,
  • Թունելի հիդրավլիկական թողունակության հաշվարկ՝

Թունելի նախագծային երեսարկի ամրության գնահատման համար կառուցվել է վերջավոր տարրերի մեթոդով (FEM) մոդել թունելի կենտրոնական հատվածից ընտրված կտրվածքի համար՝ օգտագործելով Phase2 ծրագիրը։ Վերլուծությունների ընթացքում ապարային զանգվածը մոդելավորվել է որպես էլաստոպլաստիկ նյութ, իսկ դրա ամրության պարամետրերը նվազեցվել են հետվնասվածքային ռեժիմում։ Ապարային զանգվածի համար առանձնացվել է երկու գոտի՝ խիստ խախտված, որը ձևավորվել է թունելի շինարարական աշխատանքների արդյունքում և անխախտ՝ բնական վիճակում։

Թունելի երեսարկման մեջ առկա ճեղքերի վերանորոգումն անհրաժեշտ է կառույցի կայունությունը, երկարատև շահագործումը և անվտանգությունը ապահովելու համար, քանի որ ցուրտ կլիմայական պայմաններում ջրի թափանցումը կարող է հանգեցնել սառեցման և հետագա ընդլայնման, ինչը կխորացնի ճեղքերը և կարագացնի քայքայման գործընթացը: Ճեղքերը կարող են թուլացնել երեսարկի կոնստրուկտիվ ֆունկցիան՝ նվազեցնելով դրա կրողունակությունը և մեխանիկական ամրությունը: Ժամանակի ընթացքում այդ ճեղքերը կարող են լայնանալ, ինչը կառույցը կդարձնի առավել խոցելի երկրաբանական և հիդրոստատիկ ճնշումների նկատմամբ, դրանք կարող են թուլացնել երեսարկը, ինչը սեյսմիկ ազդեցության դեպքում կառաջացնի ավելի լուրջ վնասներ՝ նույնիսկ ամբողջական փլուզման վտանգ: Ուստի վերանորոգումը կբարձրացնի թունելի ընդհանուր սեյսմակայունությունը:

Թունելի երեսարկի վերականգնման անհրաժեշտությունը պայմանավորված է դրա շահագործման ընթացքում առաջացած փոփոխություններով, որոնք սպառնում են ինչպես թունելի ամրությանը, այնպես էլ դրա հիմնական ֆունկցիոնալությանը։ Գեղանուշ գետը կարող է առաջացնել ջրի բարձր հոսքի բեռնվածություն, հիդրոդինամիկ ճնշման ազդեցություն և ենթակառուցվածքի վրա մշտական մեխանիկական լարվածություն։ Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելը հավելյալ ռիսկ է ստեղծում թունելի կայունության համար, քանի որ երկրաշարժի ժամանակ այն ենթարկվում է դինամիկ բեռնվածքների, որոնք կարող են էլ ավելի խորացնել առկա վնասվածքները։ Այդ իսկ պատճառով վերականգնողական միջոցառումները պետք է ներառեն սեյսմակայուն ամրապնդման լուծումներ, որոնք կապահովեն թունելի կառուցվածքային ամրությունը և դիմադրողականությունը ուժեղ ցնցումների դեպքում։ Թունելի երեսարկի մետաղական տարրերի կոռոզիայի վերացումը անհրաժեշտ է թունելի կառուցվածքային ամրության, շահագործման անվտանգության և երկարաժամկետ հուսալիության ապահովման համար։ Կոռոզիան ժամանակի ընթացքում քայքայում է մետաղական տարրերը, ինչը կարող է հանգեցնել դրանց հաստության նվազմանը, ամրության թուլացմանը և վերջնականապես՝ կառուցվածքային խախտումների։ Հատկապես գետի տեղափոխման համար նախատեսված թունելներում, որտեղ մետաղական տարրերը մշտապես ենթարկվում են խոնավության, ջրի հոսքի հիդրոդինամիկ ազդեցությանը և քիմիական տարրերի ազդեցությանը, կոռոզիայի արագացումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։ Վերականգնողական աշխատանքները թույլ կտան պահպանել թունելի կոնստրուկտիվ ամրությունը, կանխել հետագա վնասները և ապահովել դրա երկարաժամկետ ու անվտանգ շահագործումը։

Թունելի երեսարկման մեջ առկա անցքերի և ճեղքերի փակման աշխատանքները նախատեսվում է իրականացնել հետևյալ տեխնոլոգիական հերթականությամբ՝ ապահովելով կառուցվածքային ամրություն և սեյսմակայունություն։ Աշխատանքների իրականացման փուլերը ներառում են՝

  • Աշխատանքային տեղամասի նախապատրաստում։ Անհրաժեշտ է մաքրել աշխատանքային տեղամասը թուլացած և փխրուն հատվածներից ու մասնիկներից՝ ապահովելով մաքուր և ամուր հիմք բետոնացման համար։ Մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն մեխանիկական եղանակով՝ օգտագործելով օդաճնշական կամ էլեկտրական գործիքներ։
  • Կտրվածքների իրականացում։ Մաքրման աշխատանքներից հետո էլեկտրական սղոցով պետք է իրականցվեն համապատասխան կտրվածքներ՝ անցքերի սահմանները հստակեցնելու և անհրաժեշտ աշխատանքային հարթություն ստեղծելու համար։
  • Երկրորդական մաքրում և ամրանների հեռացում։ Կտրվածքներից հետո աշխատանքային հատվածը նորից պետք է մաքրվի՝ հեռացնելով կուտակված փոշին և մնացորդները։ Վնասված և քայքայված ամրանների առկայության դեպքում դրանք ամբողջությամբ պետք է հեռացվեն՝ կանխելով կառուցվածքային անկայունության ռիսկը։
  • Հորատանցքերի պատրաստում ամրանների տեղադրման համար։ Ձեռքի էլեկտրական հորատիչով պետք է իրականացվեն հորատումներ՝ ամրանների տեղադրման համար անհրաժեշտ անցքերի պատրաստման նպատակով։
  • Ամրանային ցանցի տեղադրում։ Պատրաստված անցքերում պետք է իրականացվի ամրանային ցանցի տեղադրում՝ ապահովելով կառուցվածքի համաչափ ամրություն և լարվածության հավասարաչափ բաշխում։ Ամրանային ցանցը կկապակցվի և կխարսխավորվի կողային հատվածների հետ՝ ապահովելով ամրության բարձր մակարդակ։
  • Առաջնային բետոնացման իրականացում։ Ամրանային ցանցի տեղադրումից հետո պետք է իրականացվի առաջնային բետոնացում արագ կապակցվող բետոնային խառնուրդով։
  • Մետաղական ցանցի տեղադրում և խարսխավորում։ Առաջնային բետոնի ամրացումից հետո պետք է իրականացվի մետաղական ցանցի տեղադրում և խարսխավորում։ Մետաղական ցանցը նախատեսված է ավելացնելու կառուցվածքային ամրությունը և ապահովելու դիմադրողականություն սեյսմիկ ազդեցությունների նկատմամբ։
  • Տորկրետավորում։ Վերջնական փուլում պետք է իրականացվի տորկրետավորում՝ ապահովելով երեսարկման շերտի հարթեցում և ամրություն։ Տորկրետային խառնուրդը պետք է իրականացվի բարձր ճնշմամբ, ինչը թույլ կտա խառնուրդի հավասարաչափ բաշխում և երեսարկման հարթ մակերեսի ձևավորում։

Նախագծի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ։

facebook sharing button facebook