Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/7/2026
share

Գլխավոր դատախազն ամփոփել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացված միջազգային համաժողովի արդյունքները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ամփոփել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում 2026 թվականի հուլիսի 1-ին Երևանում մեկնարկած բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովի արդյունքները:

«Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է շարունակական կրթության անհրաժեշտությունը և այս առումով՝ կարգապահ վարքագիծը: «Նոր բան սովորելը սեփական կամքի նկատմամբ բռնության մասին չէ: Կարգապահությունն ազատ ժամանակը գրագետ և հաճելի նորություններով լցնելու հնարավորության մասին է»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և Եվրոպայից Հայաստան ժամանած դատախազներին առաջարկել է մտածել Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում 2027 թվականին նախատեսվող համաժողովի համար, հիմք ընդունելով տուժողների իրավունքների պաշտպանության հիմնահարցը, քննարկման ենթակա հարցերի շրջանակի մասին:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հետ վստահելի, արդյունավետ և շարունակական համագործակցության համար, որն արդեն վերաճել է հիմնական գործընկերության։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Գլխավոր դատախազության հետ համագործակցության արդյունքը և ընդգծել, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակը փոխգործակցությունը շարունակելու ամուր հիմք է հանդիսանում:

Հիշեցնենք, որ երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են ֆինանսական հանցագործությունների քննության և քրեական հետապնդման, ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման, սառեցման, կառավարման և բռնագանձման, ինչպես նաև տուժողակենտրոն արդարադատությանն առնչվող արդիական հարցեր։

Անդրադարձ է կատարվել ֆինանսական հանցագործությունների նոր դրսևորումներին, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ կատարվող խարդախություններին, կրիպտոակտիվների օգտագործմամբ հանցավոր սխեմաներին, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու քննության արդյունավետ մեխանիզմներին։

Քննարկվել են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարման արդյունավետ մոդելները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի (ակտիվների) վերաբերյալ, ինչպես նաև հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման միջազգային լավագույն փորձը։

Թեմատիկ քննարկումները վարել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության ղեկավար Եվգենի Եվգենիևը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը և ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը:

Վերոնշյալ թեմաներին առնչվող զեկույցներով են հանդես եկել՝ 

  • Մաուրիզիո Վարանեզը՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Հռոմի քննչական վարչության գլխավոր տեսուչ,
  • Վիկտորյա Բուտիջեյջը՝ Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ (առցանց),
  • Միկոլայ Տիբուրչին՝ Լեհաստանի ազգային դատախազության դատախազ,
  • Ծովակ Մնացականյանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ,
  • Ֆիլիփե Սեզար Վիլարինյո Մարկեշը՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Պորտուգալիայի Հաշվեքննիչ դատարանի դատավորի օգնական,
  • Էդգար Արսենյանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ,
  • Դեսպինա Կիպրիանուն՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (CCPE) փոխնախագահ,
  • Ջեյմս Շոուն՝ Միավորված ազգերի կազմակերպության Միջտարածաշրջանային հանցավորության և արդարադատության հետազոտական ինստիտուտի ապօրինի ֆինանսական հոսքերի և ակտիվների վերականգնման թիմի ավագ իրավաբանական մասնագետ (առցանց),
  • Սիլվիա Մարտինես Կանտոնը՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Վերաքննիչ դատարանի դատավոր, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ համագործակցության կապերի դատախազ,
  • Գևորգ Գյոզալյանը՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր,
  • Ֆուլվիո Բալդին՝ Իտալիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ,
  • Ալեքսանդրա Լանկրանջանը՝ Ռումինիայի Հանրային դատախազության միջազգային դատական համագործակցության ծառայության դատախազ,
  • Ինգա Սավչենկոն՝ Լատվիայի գլխավոր դատախազության պետական անվտանգության պաշտպանության վարչության դատախազի ժամանակավոր պաշտոնակատար,
  • Անկա Յուրման՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Ազգային հակակոռուպցիոն տնօրինության գլխավոր դատախազի նախկին խորհրդական, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի՝ Ստամբուլի գործողությունների ծրագրի փոխնախագահ,
  • Միխայել Լայտները՝ Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

Միջոցառման ավարտին Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի քարտուղարության ղեկավար Արտաշես Մելիքյանը ներկայացրել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 2026 թվականի № 21 եզրակացության նախագծի հիմնական դրույթները»,- ասված է հաղորդագրության մեջ։

facebook sharing button facebook