Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/7/2026
share

«Կոմիտաս Պարկ» բնակելի համալիրի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ անօրինական պահանջների (տեսանյութ)

Հուլիսի 2-ին «Կոմիտաս Պարկ» բնակելի համալիրի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց՝ վարչապետի և պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրելու իրենց խնդրին։ «Կոմիտաս պարկ» համալիրի առաջին փուլով նախատեսված շենքերը շահագործման պետք է հանձնվեին դեռ 3 տարի առաջ, մինչդեռ համալիրը մինչ օրս դեռ հանձնված չէ։ Այժմ էլ կառուցապատողը բնակիչներին կանգնեցրել է նոր ֆինանսական խնդիրների առաջ։
Համալիրի կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերությունն է։ Վերջինիս ղեկավար Լևոն Օրդուխանյանը հրաժարվում է տալ բնական գազի միացման համար անհրաժեշտ համաձայնությունը՝ պահանջելով, որ բնակիչները լրացուցիչ գումար վճարեն՝ յուրաքանչյուր ընտանիքից  հավելյալ 357,000 դրամ։ Մինչդեռ բնակիչները նշում են, որ  կառուցապատողի հետ իրենց պայմանագրերում նման կետ չկա։
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անելով՝ բնակիչները  նպատակ ունեն պատկան մարմինների, հատկապես  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել այս հարցին և տալ համապատասխան հանձնարարականներ, որպեսզի 3 տարի ձգձգվող քաշքշուկը վերջապես լուծվի։ Բնակիչները «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրույցում ասել են, որ պահանջում են ընդամենը իրենց օրինական իրավունքների պաշտպանությունը։ Օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, և բնակիչները չպետք է վճարեն կառուցապատողի սխալների կամ չնախատեսված ծախսերի համար։

Տեղեկացնենք, որ կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին գազամատակարարման ցանցին միանալու համար հանրային ծառայողներից պահանջվող վճարման վերաբերյալ գրությամբ իր դիրքորոշումն է հայտնել նաև Քաղաքաշինության կոմիտեն՝ իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ մասնավորապես նշված է․

«Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին

Հարգելի´ հանրային ծառայողներ, տեղեկացնում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեն այսօր գրությամբ իր դիրքորոշումն է հայտնել կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին գազամատակարարման ցանցին միանալու համար հանրային ծառայողներից պահանջվող վճարման վերաբերյալ։  Հայտնում ենք, որ որևէ վճար կատարելու պարտավորություն բնակիչները չունեն, բացառությամբ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2206-Ն որոշմամբ նախատեսված, ի թիվս այլ ծախսերի, բնակարանի գազի բաժանորդ դառնալու վճարից։ 

Քաղաքաշինության կոմիտեն անընդունելի է համարում կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ կողմից «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերած հանրային ծառայողներին ներկայացվող, օրենսդրությամբ չհիմնավորված ֆինանսական պարտավորությունների պահանջը։

Հայտնում ենք, որ որևէ վճար կատարելու պարտավորություն բնակիչները չունեն, բացառությամբ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2206-Ն որոշմամբ նախատեսված, ի թիվս այլ ծախսերի, բնակարանի գազի բաժանորդ դառնալու վճարից։ Հորդորում ենք կառուցապատողին առաջնորդվել օրենսդրության պահանջներով և կատարել հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների հետ պայմանագրերի կնքման և գազամատակարարման ապահովման պարտավորություններն առանց նախապայմանների»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

facebook sharing button facebook