
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։
Իր խոսքում վարչապետը ողջունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ վերջին երկու ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստանի Հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործընթացը նշանակում է, որ վերջին տարիներին համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ՝ կոնկրետ գործեր, որոնք Հայաստանն ու ԵՄ–ն իրականացնում են։ «Մայիսին տեղի ունեցավ Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը Երևանում և կարծում եմ՝ շատ տպավորիչ է, թե ինչպիսի քայլերով ենք մենք իրականացնում այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել։ Իհարկե, հայտնի հանգամանքները նաև նպաստում են, որպեսզի որոշ պրոցեսներ մեր հարաբերություններում ավելի արագ ընթանան, բայց մյուս կողմից այն, ինչ մենք իրականացնում ենք, մեր ռազմավարական ընկալումների արտահայտությունն է, որն արձանագրել ենք նախորդ շրջանում մեր ունեցած, արդեն թույլ տվեք ասել, բազմաթիվ հանդիպումների և քննարկումների ընթացքում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

