
Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿԿ) նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանում ընթացող եզրափակիչ ելույթների ժամանակ հակադարձեց ընդդիմադիր ուժերի պնդումներին, թե կոմիտեի հրապարակած ձայնագրությունները եղել են մոնտաժված և ուղղորդված։
Հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանը շարունկավում է հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ կողմերի եզրափակիչ ելույթների լսումը։
Ըստ ՀԿԿ նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանի՝ տեխնիկական մշակումն իրականացվել է բացառապես անձնական և կենցաղային խոսակցությունները առանձնացնելու և գործի համար իրավական նշանակություն ունեցող հատվածները ներկայացնելու համար։ Նա շեշտեց, որ դիմող կողմերը չեն ներկայացրել որևէ փաստական տվյալ, որը կհաստատեր պատճառահետևանքային կապ կոմիտեի գործողությունների և ընտրողների վարքագծի միջև։
«Դիմումների կողմից չներկայացվեց գեթ մեկ փաստական տվյալ, որը կհաստատեր պատճառահետևանքային կապ հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների և ընտրական վարքագծի կամ ընտրությունների արդյունքների միջև»,- ասաց պաշտոնյան։
Կոմիտեի ներկայացուցիչը հատուկ շեշտադրեց իրականացված քրեական վարույթների արդյունքում պարզված իրողությունները՝ նշելով, որ ընտրակաշառքի սխեմաները տարածված են եղել հանրապետության բոլոր մարզերում և Երևանի վարչական շրջանների մեծ մասում։ Նրա պնդմամբ՝ սա ոչ թե քաղաքական գնահատական է, այլ իրավական հետևություն։
«Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթներով պարզված փաստական տվյալների համակցված վերլուծության հիման վրա կարող ենք փաստել, որ ընտրակաշառքի դեպքերը կրել են համատարած բնույթ»,- ասաց նա։
Ամփոփելով իր խոսքը՝ ներկայացուցիչը հայտնեց, որ կոմիտեի թիրախային միջամտության շնորհիվ է միայն հնարավոր եղել կանխել հանցավոր սխեմաների հետագա զարգացումը և սահմանափակել դրանց ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։ Նա կոչ արեց դատարանին հիմնվել ոչ թե ենթադրությունների, այլ հաստատված փաստերի վրա, քանի որ սահմանադրական արդարադատությունը պահանջում է իրավական հիմնավորումներ։
Սա դատական քննության վեցերորդ օրն է, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ։
Սահմանադրական դատարանը վերջնական որոշումը պետք է հրապարակի ամենաուշը հուլիսի 4-ին։

