Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/7/2026
share

Ադրբեջանում հրեական համայնքների ղեկավարները դիմել են Իսրայելի Քնեսեթին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը

Ադրբեջանում գործող երեք հրեական համայնքների առաջնորդները դիմել են Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի անդամներին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դիմումում, որը ստորագրել են Բաքվի լեռնային հրեական համայնքի նախագահ Միլիխ Եվդաևը, Բաքվի աշքենազ հրեաների համայնքի նախագահ Ալեքսանդր Շարովսկին և Բաքվի սեֆարդական հրեական համայնքի նախագահ Զամիր Իսաևը, նշվում է, որ նախաձեռնությունը կարող է բացասաբար անդրադառնալ Հարավային Կովկասում ձևավորվող  խաղաղության և կայունության գործընթացի վրա։

Դիմումի հեղինակները նշում են, թե վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի միջև զարգացած հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության, փոխադարձ վստահության և բարեկամության սկզբունքների վրա: Նրանք կարծում են, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս համագործակցությունը ոչ միայն երկու երկրների՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև հաջող համագործակցության օրինակ է, այլև հրեական պետության և գերազանցապես մուսուլման բնակչություն ունեցող երկրների միջև հարաբերությունների հաջող մոդել: Համայնքի ղեկավարները ցավով նշում են, որ Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել 111 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն ճանաչելուն, և որ առաջիկայում այս հարցը կքննարկվի Քնեսեթում: Նրանց կարծիքով՝ «մտահոգիչ է, որ նման նախաձեռնություն է առաջ քաշվում այն ​​ժամանակ, երբ երկար տարիների լարվածությունից հետո տարածաշրջանում ի հայտ է եկել իրական խաղաղության, կայունության և բարիդրացիական հարաբերությունների հույս»։

Ըստ նրանց՝ երրորդ երկրների կողմից նման զգայուն պատմական հարցերի վերաբերյալ քաղաքական գործողությունները կարող են խոչընդոտել խաղաղության գործընթացին և խաթարել ժողովուրդների միջև հաշտեցումը, փոխըմբռնումը և վստահությունը: Նրանք դիմել են Քնեսեթի անդամներին՝ կոչ անելով ցուցաբերել «իմաստություն ու պատասխանատվություն» և չաջակցել,  իրենց բնորոշմամբ «հորինված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությանը»։ Դիմումում նշվում է, թե նման որոշումն օգուտ չի բերի Իսրայել պետությանը կամ չի կնպաստի խաղաղությանը և փոխըմբռնմանը:

Ընդհակառակը, այն կարող է հիասթափություն առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր միշտ Իսրայելին համարել են անվերապահ բարեկամ։ Փաստաթղթի վերջում հեղինակները հույս են հայտնում, որ Քնեսեթի անդամները իրենց որոշման մեջ կառաջնորդվեն պատմական պատասխանատվությամբ, պետականության սկզբունքներով, ինչպես նաև բարեկամ ժողովուրդների և պետությունների հետ հարաբերությունների պահպանմամբ և հետագա ամրապնդմամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝ կոչ անելով վերանայել որոշումը.Factor
 

facebook sharing button facebook