Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/7/2026
share

IMEI շտեմարանում անձնական տվյալներ չեն պահպանվի․ ՀՀ-ում կստեղծվի բջջային հեռախոսների շտեմարան․ Կառավարություն

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ՝ բջջային հեռախոսների օրինական շրջանառությունն ապահովելու և ապօրինի ներմուծված սարքերի վաճառքը նվազեցնելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակները շեշտում են, որ շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց քաղաքացիների անձնական տվյալների։

«IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։ Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Կարգավորումը միտված է՝

 նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,

 ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,

 պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,

 ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։ Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները»,- ասված է հաղորդագրությունում։

  Հիշեցնենք՝ Հայաստանում քննարկվում է բջջային հեռախոսների IMEI համարների գրանցման համակարգի ներդրումը։ Նշվում է, որ նախաձեռնության նպատակն է նվազեցնել ապօրինի ներմուծված հեռախոսների շրջանառությունը, պաշտպանել սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով սարքերից և ապահովել օրինական ներմուծողների համար հավասար մրցակցային պայմաններ։

facebook sharing button facebook