Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/7/2026
share

Փաշինյանն ու Միշուստինը ՀՀ-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում են կառավարությունից։

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներին:

Ռուսաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հեռախոսազանգի նախաձեռնությունը հայկական կողմինն է։

2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։ 

Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։

«ՀՆԱ-ի առնվազն 14% անկում», «էներգակիրների գների կտրուկ բարձրացում», «կոշտ վերահսկողություն ենթակառուցվածքների նկատմամբ»․ սրանք խորհրդարանակա քարոզարշավի ժամանակ ռուս պաշտոնյաների կողմից հնչող զգուշացումներն են Հայաստանին։ 

Ռուսաստանը Հայաստանին սպառնում է հիմնականում տնտեսական գործիքակազմով։ Մոսկվայի դժգոհությունը հատկապես հայտեց մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներից հետո։ Առաջին գագաթնաժողովին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Երևանից Մոսկվային զգուշացրեց, որ մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի շքերթի վրայով կարող են անցնել ուկրաինական դրոններ։  

Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունվել է 2025-ի մարտին, սակայն Ռուսաստանը դրա մասին հատկապես հիշել է նախընտրական այս օրերին։  

Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է: ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր շուկան ու առևտրական գործընկերը: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2026-ի հունվար-մարտ ամիսների տվյալների՝ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանումները ՌԴ կազմել են 36,3 տոկոս, իսկ ԵՄ՝ 14,1 տոկոս։ Ընդ որում, արտահանման ծավալները ավելացել են 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

facebook sharing button facebook