Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/6/2026
share

Հայաստանում անցկացվեց COP16 և COP17 նախագահությունների միջև գիտելիքների և փորձի փոխանակման աշխատաժողով. ՇՄՆ

Հայաստանում անցկացվել է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի COP16 և COP17 նախագահությունների միջև գիտելիքների և փորձի փոխանակման եռօրյա աշխատաժողովը, որը համախմբել էր Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, և Կոլումբիայի՝ COP16 նախագահության ներկայացուցիչներին։

Աշխատաժողովի նպատակն էր ապահովել COP16-ի ընթացքում կուտակված փորձի և քաղված դասերի փոխանցումը՝ աջակցելով Երևանում կայանալիք COP17-ի արդյունավետ նախապատրաստմանը և նախագահությունների միջև ինստիտուցիոնալ շարունակականության ամրապնդմանը։

Աշխատաժողովը կազմակերպվել էր NBSAP Accelerator Partnership-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), GIZ-ի և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ։ Երեք օրվա ընթացքում քննարկվել են COP-ի նախագահության ռազմավարական և քաղաքական համակարգման, բանակցային գործընթացների կազմակերպման, Կանաչ գոտու (Green Zone) կառավարման, հաղորդակցության և հանրային կապերի, ոչ պետական դերակատարների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներգրավման, ինչպես նաև անվտանգության, լոգիստիկայի և համաժողովի կազմակերպչական այլ կարևոր հարցեր։

Աշխատաժողովի ծրագրի շրջանակում Կոլումբիայի պատվիրակությունն այցելել է նաև «Սևան» ազգային պարկ և «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ մասնակիցները տեղում ծանոթացել են Հայաստանի պահպանվող տարածքների կառավարման փորձին, բնական էկոհամակարգերի պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև COP17-ի շրջանակում Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններին և կենսաբազմազանության պահպանության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին։

Նման փորձի փոխանակման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի կարողությունների ամրապնդման, միջազգային գործընկերության խորացման և 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք համաժողովի բարձր մակարդակով կազմակերպման համար։

facebook sharing button facebook