
Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովը (ICMP) առանցքային է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությունը՝ անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում ընթացող «Անհետ կորած անձանց հարցի լուծման գործում ժամանակակից մոտեցումներ և համագործակցության ամրապնդում» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը։
Նա գոհունակություն է հայտնել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ՝ ընդգծելով դրա կարևորությունը հումանիտար այս խնդրի հանգուցալուծման համար։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բոմբերգերը նաև նշել է, որ երկու երկրների միջև ստեղծվելիք տվյալների բազան չափազանց կարևոր է։
ICMP գլխավոր տնօրենի խոսքով՝ այդ համակարգը ոչ միայն կամրապնդի պետական մարմինների միջև կապն ու կզարգացնի հարաբերությունները Ադրբեջանի կառավարության և անհետ կորածների ընտանիքների միջև, այլև կդառնա խաղաղության խթանման մեխանիզմ՝ նպաստելով կողմերի միջև տեղեկատվության փոխանակմանը։
«Սա այն մոդելն է, որը մենք օգնեցինք հաստատել, օրինակ, նախկին Հարավսլավիայի համատեքստում։ Այսօր, չնայած հակամարտությունից անցել են շատ տարիներ, այդ տարածաշրջանի կառավարությունները ստեղծել են անհետ կորած անձանց հարցերով աշխատանքային խումբ, որը համատեղ է աշխատում։ Նրանք ստեղծել են համատեղ տվյալների բազա, որը ներառում է բաց մնացած գործերը, և օգտագործում են այն տեղեկատվություն փոխանակելու համար։ Մենք հույս ունենք, որ նման արդյունքների կհասնենք այս տվյալների բազայի միջոցով։ Թեև այս թեման առաջին հայացքից կարող է անհետաքրքիր թվալ, տվյալների բազան կենսական կարևոր գործիքներից մեկն է համագործակցությունն ապահովելու և խաղաղություն կառուցելու համար»,- ընդգծել է Բոմբերգերը։

