
Սահմանադրական դատարան ներկայացված փաստարկերում չկան ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր, իսկ արձանագրված խախտումներով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. հունիսի 30-ին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում։
«Անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն»,- ասել է նախարարը։
ՍԴ-ն հունիսի 26-ից բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող յոթ քաղաքական ուժերի դիմումները:
Նախարարի խոսքով՝ գործադիրը համաձայն է «Հանուն Հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունների այն պնդումներին, որ ընտրակաշառքի դեպքեր եղել են և դրանց ծավալները մեծ են, սակայն դրանք իրավական հիմք չեն քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով մեղավոր անձ պետք է ենթարկվի քրեական խիստ պատասխանատվության։
Գալյանը նշել է, որ արդարադատության նախարարությունը գործընթացում հանդես է գալիս որպես երրորդ կողմ և արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը, սակայն վերջնական եզրակացությունը կայացնելու է բացառապես դատարանը։
Ի պատասխան այն հարցին, թե որքանով է իրավաչափ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, երբ արդյունքները դեռ վիճարկվում են դատարանում, Գալյանը շեշտել է, որ քանի դեռ արդյունքներն անվավեր չեն ճանաչվել, դրանք օրինական ուժի մեջ են։ Նա իշխող ուժի ներսում ընթացող պաշտոնների ընտրության պրոցեսը որակել է ժողովրդավարական և նորմալ երևույթ՝ հավելելով, որ այլ քաղաքական ուժեր ևս քննարկում են մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր»-ն այս ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ և քննարկումների արդյունում ընտրել է ԱԺ նախագահի և փոխնախագահի թեկնածուներին։
Հունիսի 7-ին ԱԺ ընտրությունների արդյունքներով խորհդարան են անցնում երեք ուժ՝ «Քաղաքացիական խայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ մոտ էր անցողիկ շեմին, սակայն վերահաշվարկի ընթացքում ԿԸՀ-ն չեղյալ համարեց երեք ընտրատեղամասի արդյունքները, որի արդյունքում ԲՀԿ-ն կորցրեց 213 քվե։ Ընտրական օրենսգրքի փորձագետները նշում են, որ ԿԸՀ-ի՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումն իրավաչափ չէր։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

