Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/6/2026
share

Ռուսաստանում վառելիքի ճգնաժամի պատճառով բեռնափոխադրողները գները բարձրացնում են նվազագույնը 10%-ով

Ռուսական ավտոփոխադրողները սկսել են նախազգուշացնել հաճախորդներին սակագների՝ առնվազն 10%-ով բարձրացման մասին։ Այս մասին գրում է «Коммерсант»-ը՝ հղում անելով շուկայի մասնակիցներին։

«Այսօր մենք մեր գործընկեր ավտոփոխադրողներից ծանուցում ենք ստացել սակագների բարձրացման մասին. հուլիսի 1-ից հայտարարվել է առնվազն 10% աճ։ Կարող եմ ենթադրել, որ սա դեռ սահմանը չէ», — պատմել է Sigma լոգիստիկ և տրանսպորտային ընկերությունների խմբի համահիմնադիր Տատյանա Պատուժնայան։

Խնդիրներ ներքին փոխադրումներում

VIG Trans ընկերության հիմնադիր Իգոր Ռեբելսկու խոսքով՝ ներքին փոխադրումների սակագները դեռևս «հարաբերականորեն կայուն են», սակայն «դրանց ավելացման նախադրյալներն արդեն ձևավորվել են»։ Նա նշել է, որ չվերթների պլանավորումը բարդացել է մարզերում վառելիքի լիցքավորման սահմանափակումների և մատակարարումների խափանումների պատճառով։ Այդ լրացուցիչ ծախսերը փոխադրողները ներառում են սակագների մեջ, որոնք արդեն իսկ աճել են մոտ 5%-ով։

Չինական ուղղությունը և վազքի կրճատումը

«Օպտիմալոգ» (Оптималог) լոգիստիկ ընկերության ղեկավար Գեորգի Վլաստոպուլոն հայտարարել է, որ վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում վառելիքի արժեքի թանկացման պատճառով Չինաստանից բեռնափոխադրումները մեկ չվերթի հաշվով թանկացել են միջինում 700 դոլարով։ Բացի այդ, չինական ուղղությամբ նկատվում է օրական վազքի նվազում՝ օրական 600–700 կիլոմետրից հասնելով մինչև 500 կիլոմետրի։

Խուսափում հեռավոր չվերթներից

Pontis Expedition ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Զելինսկին պատմել է, որ փոխադրողները չեն ցանկանում մեկնել հեռավոր տարածություններ՝ լիցքավորման կայաններում վառելիքի առկայության անորոշության պատճառով, և «նախապատվությունը տալիս են քաղաքային ագլոմերացիայի սահմաններում պատվերներին՝ 100–150 կիլոմետր հեռավորությամբ»։

NC Logistic ընկերությունից հավելել են, որ փոխադրողները կամ ընդհանրապես չեն ընդունում պատվերները, կամ էլ զգալիորեն ուռճացնում են փոխադրման արժեքը։

Ալտերնատիվայի բացակայությունը

Այս ամենով հանդերձ, ավտոփոխադրումներին ընդհանուր առմամբ այլընտրանք չկա, նշում են «Коммерсант»-ի հարցված մասնակիցները։ Նրանց կարծիքով՝ ավտոփոխադրումները երկաթուղուն հաղթում են ճկունության և առաքման ժամկետների շնորհիվ, իսկ քանի որ «ողջ տրանսպորտային ոլորտն է բախվել միևնույն խնդրին, հետևաբար՝ բեռների հոսքը վերահասցեագրելու տեղ պարզապես չկա»։

facebook sharing button facebook