
Ս/թ․ hունիսի 24-26-ը Ժնևում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի Կողմերի աշխատանքային խմբի 30-րդ նստաշրջանը։ Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը մասնակցել է հանդիպմանը և ներկայացրել օրակարգային հարցերի ուղղությամբ ազգային մակարդակում իրականացվող աշխատանքները։
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի փոփոխությանն առնչվող քննարկման շրջանակում նա վերահաստատել է կոնվենցիայի արդյունավետ իրականացմանը տրվող կարևորությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության և կարողությունների զարգացման նշանակությունը։ Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողը նեղեկացրել է նաև EU4GreenRecovery ծրագրի շրջանակում Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալությունում կազմակերպված ուսումնաճանաչողական այցի արդյունքները, տեղեկացվել, որ ներկայումս ընթանում են ԳՁՕ-ների վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի փոփոխության վավերացմանն առնչվող ներպետական խորհրդակցություններ։
«Հանրային մասնակցությունը միջազգային հարթակներում» օրակարգային հարցի շրջանակում Մարի Չաքրյանը ներկայացրել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախապատրաստական գործընթացը՝ ընդգծելով Օրհուսի կոնվենցիայի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի միջև փոխլրացնող կապերը։ Նշվել է, որ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում թափանցիկությունը, հանրության արդյունավետ մասնակցությունը և ներառական որոշումների կայացումը կենսաբազմազանության արդյունավետ կառավարման հիմնարար նախապայմաններն են։
Առանձնակի ուշադրություն է դարձվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներում շահագրգիռ բոլոր կողմերի՝ քաղաքացիական հասարակության, գիտական և կրթական հաստատությունների, երիտասարդության, կանանց, մասնավոր հատվածի և ԶԼՄ-ների լայն ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողը ներկայացվել է թափանցիկության, հավասարակշռված մասնակցության և շահերի բախման հնարավոր ռիսկերի կառավարման ուղղությամբ Օրհուսի կոնվենցիայի և Ալմաթիի ուղեցույցների սկզբունքներին համահունչ ձեռնարկվող միջոցառումները։
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ կազմակերպելու CBD COP17-ը որպես բաց, ներառական և մասնակցային գործընթաց՝ նպաստելով Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը և կենսաբազմազանության պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը։

