
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից անցած շաբաթ ներկայացված բանաձևի նախագծին։ Գրում է The Jerusalem Post-ը։
«Երբեք ուշ չէ ճիշտ քայլն անելու համար»,- քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը։
Բանաձևն այժմ ներկայացվելու է Կնեսետի լիագումար նիստ՝ վերջնական քվեարկության։
«Կարճ ժամանակ առաջ Իսրայելի կառավարությունը հաստատեց իմ ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը»,- քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը․ «Ճիշտ քայլն անելու համար երբեք ուշ չէ»։
«Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերի վերաբերյալ իրականում որևէ վեճ չկա, խլել է 1,5 միլիոն մարդու կյանք և ոչնչացրել հնագույն մշակութային ու պատմական ժառանգություն։ Իմ համոզմամբ՝ որպես հրեաներ, և հատկապես որպես հրեական ժողովրդի պետություն, մենք բարոյական պարտավորություն ունենք ընդունելու այն որոշումը, որը հաստատեցինք այսօր»,- հավելել է նախարարը։
Այժմ որոշման նախագիծը ներկայացվելու է Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստին՝ քվեարկության։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին նշել է, որ թեև Հայոց ցեղասպանությունը լայնորեն փաստագրված է, այն տասնամյակներ շարունակ ենթարկվել է «ինստիտուցիոնալացված ժխտման և նսեմացման արշավի», որի գլխավոր նախաձեռնողը Թուրքիան է։
Նշվում է, որ Թուրքիան շարունակում է հերքել, որ հայերի զանգվածային կոտորածները, բանտարկությունները և բռնի տեղահանումները ցեղասպանություն են, իսկ Իսրայելը երկար տարիներ խուսափել էր պաշտոնական ճանաչումից՝ դիվանագիտական զգայուն նկատառումներով։ 2026 թվականի դրությամբ ՄԱԿ-ի 32 անդամ պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ռուսաստանը և Գերմանիան, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են նաև Սուրբ Աթոռը և Եվրոպական խորհրդարանը։

