Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/6/2026
share

IMEI համարների վերահսկման նախագիծն իր գաղափարախոսությամբ «ռուսական օրենք» է․ Օլեգ Դուլգարյան

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն անդրադարձել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական պետական շտեմարան ստեղծելու մասին օրենքի նախագծին՝ զուգահեռներ անցկացնելով Ռուսաստանի Դաշնությունում նախօրեին ընդունված համանման օրենսդրական կարգավորումների հետ։ Իրավապաշտպանը նշում է, որ հեռախոսների պարտադիր հաշվառման և վերահսկողության այս մոդելը բնորոշ է ոչ ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներին  Ըստ Դուլգարյանի՝ հաշվի առնելով մասնագիտական դաշտի բացասական գնահատականները տոտալ վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ, քաղաքացիական հասարակությունը պետք է հասնի հակաժողովրդավարական համարվող այս նախագծի չեղարկմանը։

«Ռուսական օրենք»-ի մասին․․․

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած, օրենքի նախագիծը, որի շրջանակներում ստեղծվելու է «IMEI կոդերի միասնական շտեմարան», ոլորտի հայտնի մասնագետների կողմից բացասական գնահատականի է արժանացել։ Նրանք նշում են, որ սույն օրենքով գործելու է հեռախոսների տոտալ վերահսկողության մեխանիզմը։

Սակայն Պուտինը երեկ առաջ ընկավ և ստորագրեց այս նույն «գաղափարախոսությունը» կրող օրենքը Ռուսաստանում։

Ըստ էության, մեր օրենքի նախագիծն այսօրվանից կարող ենք (ճիշտ կանենք) կոչել «Ռուսական օրենք»։ Իհարկե, մի փոքր չափազանցացնում եմ. բացի Ռուսաստանից, այս օրենքը գործում է նաև ժողովրդավարությամբ տառապող երկրներում, ինչպիսիք են Պակիստանը, Քենիան, Թուրքիան, Նիգերիան, Բանգլադեշը, Ղրղզստանը և այլն։

Ինչո՞ւ «ռուսական օրենք», քանզի մեր հասարակությունն ամեն ինչ լավ է զգում հենց ռուսաստանյան կոնտեքստում, և այդպես ավելի էմպատիկ ենք։

Իհարկե, այս երկու օրը Հայաստանի գիտակից հասարակությունն այնքան անապահով զգաց իրեն, որ ակտիվ սկսեց ըմբոստանալ այս հակաժողովրդավարական, անհեթեթ նախագծի դեմ։

Հասարակությունը, որը արդեն տարիներ, մեծ ջանքերի գնով պահում և պաշտպանում է ժողովրդավարությունը, պետք է շատ խորը «թաղի» «Ռուսական օրենքը», որպեսզի այն հետ չգա։

Իսկ օրենքների նախագծերի հետ գալու պրակտիկան մենք տեսել ենք մեր հարևան երկրներում, որտեղ այդ երկրների հասարակություններն ամենօրյա ռեժիմով զգում են դրա հետևանքները»․ Օլեգ Դուլգարյան

facebook sharing button facebook