
Նախկին ռուս զինվորի տեսաուղերձը Պուտինին. սպառնալիքներ Կրեմլին և հայտարարություններ խոշտանգումների մասին
Ուկրաինայում կռված ռուս զինծառայող Ալեքսանդր Լունինը հրապարակային ուղերձով դիմել է ՌԴ նախագահին՝ հայտնելով զորամասերում տիրող ծանր իրավիճակի, զինվորների պատժի խցերում պահելու և հրամանատարների կողմից իրականացվող բռնությունների մասին։ Լունինը նշել է, որ եթե իրեն հնարավորություն չտրվի ուղիղ եթերում ներկայացնել իրավիճակը Վլադիմիր Պուտինին, երկրում լուրջ հետևանքներով ռազմական ապստամբություն կսկսվի։
Վորոնեժի մարզից Ալեքսանդր Լունինը, ով պնդում է, թե նախկինում կռվել է Ուկրաինայում, տեսաուղերձ է ձայնագրել Պուտինին՝ խոստանալով ռազմական ապստամբություն բարձրացնել, եթե նախագահը չհանդիպի իրեն և թույլ չտա «ուղիղ եթերում պատմել» այն մասին, թե ինչպես են հրամանատարները ճակատային գծում «զրոյացնում» (սպանում) ու խոշտանգում ռուս զինվորներին։
Չորս ժամվա ընթացքում տեսանյութն Instagram-ում արդեն հավաքել է ավելի քան 2 միլիոն դիտում և ավելի քան 80 հազար հավանում։
«Երեկ ինձ հետ հանդիպել են մարդիկ՝ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Եվ նրանք Պուտինին են փոխանցել այն ուղերձը, որ եթե նա ինձ ուղիղ եթերում չընդունի, ես կպատմեմ ողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում հիմա մեր երկրում։
Այս պահին մեր տասնյակ, հարյուրավոր, հազարավոր զինվորներ նկուղներում են (բանտ-փոսերում)՝ իրենց հրամանատարների կողմից պատժված։ Նստած փտում են, խոշտանգումների ու խոսքի բուն իմաստով բռնությունների են ենթարկվում այսպես կոչված «Գեստապոյի» կողմից։ Այն բանի համար, որ հրաժարվել են կատարել հիմար, ինքնասպանական հրամանները։ Այն բանի համար, որ հրաժարվել են տալ իրենց փողերը։
Ի վերջո, նրանց զրոյացնում են՝ ձևակերպելով որպես անհայտ կորած։ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ուշադրություն դարձրեք սրան, ինձ հրավիրեք ձեզ մոտ։
Հետևանքները շատ լուրջ կլինեն։ Եթե ես մոտ ժամանակներս չգամ Կրեմլ և ձեր կողքին ուղիղ եթերով հանդես չգամ, բանակը զենքը կուղղի դեպի Կրեմլ։ Ես ընդամենը փոխանցում եմ ուղերձը»։

