Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/6/2026
share

Համընդհանուր հայտարարագրման նոր բաղադրիչը. նախատեսվում է թույլատրել սոցիալական կրեդիտներից ուղիղ ֆինանսավորում տրամադրել լրատվամիջոցներին ու կուսակցություններին

Հայաստանի կառավարությունը նոր բարեփոխում է նախապատրաստում, որով քաղաքացիներին իրավունք կտրվի ուղիղ ֆինանսավորում տրամադրել լրատվամիջոցներին, կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ մշակվող նախագծի՝ համակարգը ներդրվելու է եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի շրջանակներում։ Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները, սոցիալական կրեդիտները ստանալու փուլում, հնարավորություն կունենան ընտրություն կատարել հատուկ ստեղծվող ռեեստրից և իրենց հասանելիք միջոցներից որոշակի գումար ուղղել նախընտրած կազմակերպությանը։

Վարչապետի փոխանցմամբ՝ սոցիալական կրեդիտներից ձևավորվող ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 70 միլիարդ դրամ։

«Իրենց սոցիալական կրեդիտներից, որոշակի սահմանափակումներով, իհարկե, մարդիկ հնարավորություն կունենան ֆինանսավորել կուսակցություններին, լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին: Ռեեստր է լինելու: Այսինքն՝ մարդը, երբ որ համընդհանուր հայտարարագիրը լրացնի, սոցիալական կրեդիտները ստանալու փուլում ինքը կարող է ընտրել: Կա առաջարկ, որ 1000 դրամ լինի սկզբնական շրջանում, որովհետև շատ մեծ թվով մարդկանց մասին է խոսքը»,- պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարի պնդմամբ՝ նախագծի նպատակը հասարակական և քաղաքական ինստիտուտների ֆինանսական անկախության աստիճանի բարձրացումն է։

Տեխնիկական խնդիրների բացակայության դեպքում կառավարությունը ծրագրում է համակարգը գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից։

facebook sharing button facebook