Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/6/2026
share

Ֆրանսիայում ծայրահեղ բարձր ջերմաստիճանի պատճառով առնվազն 50 մարդ է մահացել

Եվրոպայում անոմալ շոգի ալիք է բարձրացել «Օմեգա» օդերևութաբանական երևույթի պատճառով։ Գերմանիայում ջերմաչափի սանդղակը մոտենում է +40℃-ին, և հնարավոր է՝ գերազանցվի հունիս ամսվա շոգի ռեկորդը։ Ինչպես գրում է Der Spiegel-ը, գերմանական «Deutsche Bahn» երկաթուղային ընկերությունն առաջին անգամ ուղևորներին առաջարկում է հատուկ արտոնյալ ծառայություն. նրանք, ովքեր չեն ցանկանա մեկնել պլանավորված ճանապարհորդությանը «նման ծայրահեղ եղանակային պայմաններում, հետ կստանան իրենց գումարը» գնված տոմսերի համար։ Որոշ ջրամբարներում ձկների սատկելը կանխելու համար հրշեջ ծառայությունը հզոր պոմպերով ջուր է մղում՝ հովացնելով այն։

Ֆրանսիայում ծայրահեղ բարձր ջերմաստիճանի պատճառով առնվազն 50 մարդ է մահացել, և խափանումներ են գրանցվել էներգահամակարգի աշխատանքում, հաղորդում է Reuters-ը։ Փարիզում սահմանվել է հունիսյան ջերմաստիճանային ռեկորդ (+40,9°): Բրետան և Պեի-դե-լա-Լուար շրջանների ֆերմաներում հարյուր հազարավոր թռչուններ են սատկել։

Իտալիան բարձր պատրաստվածության ռեժիմ է հայտարարել 16 քաղաքներում, այդ թվում՝ Ֆլորենցիայում, Միլանում, Հռոմում, Թուրինում և Վերոնայում։ Իսպանիայում առնվազն երկու մարդ է մահացել։ Մեծ Բրիտանիայում ժամանակավորապես կդադարեցվի դպրոցների աշխատանքը. երկրում արդեն իսկ գրանցվել է այս ամսվա ջերմաստիճանային ռեկորդը (+36,1℃)։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանը կարող է պահպանվել մինչև շաբաթվա վերջ՝ «Օմեգա» կոչվող օդերևութաբանական երևույթի պատճառով (քարտեզի վրա ջերմաստիճանային գրաֆիկն իր ձևով հիշեցնում է հունական այս տառը):

facebook sharing button facebook