
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:
Տեսչական մարմնի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում (Երևանյան փողոց) գործող այս արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ:
Մասնավորապես, ստուգմամբ պարզվել է, որ.
–Արտադրական շինությունների նախագծումն ու դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և պատրաստի սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.
–Շինության կառուցվածքը չի բացառել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքի մեջ օտար մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև պատերի ու առաստաղի մակերևույթներին կոնդենսատի և բորբոսի առաջացումը.
Արտադրամասի հատակի և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից.
Դռները եղել են անհարթ և պատրաստված չեն եղել խոնավություն չներծծող նյութերից։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ հացի արտադրամասի աշխատանքը դադարեցվել է: Տնտեսվարողին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել արտադրական տարածքը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար:
Տեսչական մարմնի կողմից սահմանվել է հստակ վերջնաժամկետ՝ արձանագրված խախտումները վերացնելու համար:

