Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/6/2026
share

Էկոնոմիկայի նախարարը ԵՄ դեսպանների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման ծրագրերը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԵՄ անդամ երկրների  դեսպանների և ժամանակավոր հավատարմատարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարը։

Մասնակիցները կարևորել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։

Պապոյանը նշել է, որ հայկական ապրանքները որակական առումով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին՝ ունենալով համապատասխան «GLOBAL GAP» և մյուս բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները։

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնես միջավայրի բարելավման և որակի չափանիշների բարձրացման գործում։ Այսօր շատ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն ավելացնել իրենց արտահանումը, այլև հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ եվրոպացի գնորդների հետ»,- ասել է նախարարը։

Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, պետական աջակցության գործիքակազմին։

Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների մուտքն իր շուկա, պատճառը՝ ԵՄ-ի հետ Հայաստանի խորացող հարաբերություններն են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն կտրամադրի՝ ի պատասխան Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների՝ ապահովելով հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա և խթանելով տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացումը։ 

facebook sharing button facebook