Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/6/2026
share

Հայաստանի և Թուրքիայի նախարարները քննարկել են տրանսպորտային կապերի վերագործարկումը

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարները հունիսի 23-ին Բրյուսելում քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկմանն ուղղված քայլերը, X-ում գրել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

 

Ուրալօղլուն գրել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նախկինում երկու երկրների միջև ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ավտոմոբիլային կապերի վերագործարկմանը:

«Մինչ մեր երկրում սկսում ենք անհրաժեշտ պահպանման աշխատանքները, գնահատեցինք նաև այն փուլը, որին հասել է հայկական կողմը նախապատրաստական և մրցութային գործընթացներում», - գրել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը:

Ըստ հայտարարության՝ կողմերը քննարկել են նաև պատմական Անիի կամրջի վերականգնման գործընթացը և երկու երկրների համատեղ պատմական ժառանգության այդ հատվածի վերականգնմանն ուղղված հետագա քայլերը:

Հայաստանն ու Թուրքիան մայիսի 4-ին Երևանում ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը:

Անիի կամուրջը վերականգնելու համատեղ ջանքերի մասին Հայաստանն ու Թուրքիան խոսում են դեռևս 2023-ից։

Անիի կամուրջը գտնվում է Ախուրյան գետի վրա։ Կառուցվել է 10-11-րդ դարերում. CivilNet

facebook sharing button facebook